«Ես մի բան կարող եմ արձանագրել՝ մենք որտեղ նստած ենք եղել, էնտեղ էլ գտնվում ենք։ Բնականաբար կան ճշտվող տարածքներ։ Այն գործընթացը, որը սկսվեց Կիրանցից, շարունակվելու և ներառելու է բոլոր այն վիճելի տարածքները, որնց մասին գուցե խոսում է Արման Թաթոյանը»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ այսօր ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե՝ «2025 թվականի օգսոտոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է»։
«Սահմանազատման գործընթացը շարունակական գալու է ու այն, ինչը որ մերն է, մնալու է մերը, ինչը իրենցն է, կմնա իրենցը։ Էստեղ քաղաքական շահարկման նյութ ես չեմ ուզում տեսնել, որովհետև մեր նպատակը հենց այն փիլիսոփայությունը պետք է լինի, որ որևէ մեկը չի կարող մեր ձեռքից վերցնի էն, ինչը մերը չի։ և մենք էլ ցանկություն չունեք էն, ինչը որ մերը չի, գնանք դրա հետևից։ Իսկ այն, ինչ ասել է պարոն Թաթոյանը, անհետևանք չի մնա, կուսումնասիրվի և եթե անհրաժեշտություն լինի, պաշտպանական գերատեսչությունը կտա պարզաբանումներ»,-նկատեց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների կողմից շահարկումներին, թե՝ տարածաշրջանը եռում է, իսկ ՔՊ-ն ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում՝ «կուկուռոզ ու պերաշի ուտելով», անադեկվատ է երկրի շուրջ ընթացող անվտանգային սպառնալիքներին՝ մեր զրուցակիցը նկատեց․ «Չեմ կիսում այդ կարծիքը, մենք շատ ադեկվատ ենք գնահատում իրավիճակը։ Իրենք տեղյակ են, որ անվտանգության խորհրդի նիստեր են եղել, որոշումներ են կայացվել, որոնք, սակայն, չեն հանրայնացվել։ Մեր բոլոր պատկան կառույցները բոլորն ունեն որոշակի հանձնարարականներ և նրանք իրենց ծրագրերը, անելիքները պետք է իրականացնեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը։ Օր առաջ եթե հասնենք տարածաշրջանում խաղաղության, բնականաբար, մեր՝ ՀՀ-ի խաղաղության օրակարգն էլ կհաջողի։ Նույնիսկ հիմա այդ օրակարգը հաջողել է, որովհետև մեր սահմանի վրա լարվածության օջախ չի առաջացել ոչ Ադրբեջանի կողմից, ոչ էլ այլ տերությունների կողմից»,-նշեց Քոչարյանը։
Մեր հարցին՝ ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը 10 բալանոց սանդղակով որքա՞ն կգնահատեք՝ պատգամավորը նշեց․ «Չեմ ցանկանում գնահատել, ասեմ, որ իրավիճակը կառավարելի է»։ «Բնականաբար, մեր անվտանգության մարմինները բոլոր սցենարները, կարծում եմ, մշակել են և ունեն։ Հնարավոր բոլոր սցենարների համար ուժերի հաշվարկ է կատարվել և այդ հաշվարկին համապատասխան թե սահմանապահ զորքերը, թե մեր սահմանի վրա տեղակայված ուժային կառույցները փոխգործակցության գործընթաց են իրականացնում։ Սա խիստ անհրաժեշտ է, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Իհարկե սա չի նշանակում, որ կարող են լինել այնպիսի ծավալուն գործողություններ, որ մեր ուժերը չբավարարեն»։
Անդրադառնալով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող նախընտրական
եռուզեռին, մասնավորապես ընդդիմադիր տարբեր բևեռների ձևավորմանը՝ Գագիկ Ծառուկյան՝ իր «Նոյյան տապան»-ով, Քոչարյան+
ՀՅԴ, Թաթոյան+Չալաբյան, Սամվել Կարապետյան՝ իր «Ուժեղ Հայաստանով», մեր զրուցակիցը
նկատեց․ «Ոչ մի բան չի փոխվել քաղաքական դաշտում, կան ներկա իշխանություններ, որոնք ունեն
ծրագիր և շարժվում են այդ ծրագրով և կան նախկին իշխանությունից մնացած ուժեր, որոնց
նպատակը իշխանության հասնելն է ցանկացած գնով»։
Անդրանիկ Քոչարյանի հետ մեր զրույցի ուշագրավ
մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան