Օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը որպես միավորող ուժ կարող
է լինել Սամվել Կարապետյանը, երեկ էլ ևս մեկ անգամ հաստատեց, որ նա ընդունակ է դա անել։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հետ։ Նա ասաց,
որ դա իհարկե տարօրինակ է, դրան զուգահեռ նաև ինչ-որ զարմանալի տարրեր է պարունակում,
որովհետև հենց իրենք ունեն թեկնածու, որը պիտի մասնակցի ընտրություններին։
«Եվ ես ուզում եմ հասկանալ, թե
այդ հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ մեսիջ է ուղարկում հենց իրենց թեկնածուի
ընտրողներին։ Բայց ինչքան էլ տարօրինակ է, դրան զուգահեռ նաև հիասթափեցնող ու հուսահատեցնող
է։ Ես ինքս վստահեցնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո հարյուրավոր
մարդիկ ուղղակի ափսոսանքի ու հիասթափության խոսքեր են ասել, որ ժամանակին սատարել են
այդ մարդուն, կիսել են գաղափարները, երկար ճանապարհ են անցել նրա հետ։ Իրականում ես
ցավում եմ, որ երկար տարիների քաղաքական գործիչը, որը նմանատիպ փորձ ունի, այսօր սատարում
է նշված անձին, հրապարակային։ Ես չգիտեմ՝ ինչ փրկչի առավելություններ է տեսել Լևոն
Տեր-Պետրոսյանը «բարերար» Սամվել Կարապետյանի մեջ, բայց ես ցավ եմ ապրում, որ լինելով
այդքան քաղաքականապես հասուն մարդ՝ այսօր նման հայտարարություն է անում և հիասթափեցնում
է իրեն ժամանակին սատարողներին»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է նրան, որ «Պատիվ
ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խոսել է ընտրությունները կեղծելու
մասին, պատգամավորն ասաց, որ սա ուղղակի զավեշտ է. ընտրակեղծարարության հայրերն այսօր
ամենաբարձրն են գոռում, որ ընտրակեղծարարություն է լինելու։
«Եթե լինելու է, ապա դրա հեղինակը
միայն ու միայն լինելու են իրենք՝ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ որդեգրել են
այդ ձեռագիրը, իրենց տեսակն է այդպիսին, չեն կարողացել անել արդար և թափանցիկ ընտրություններ։
Եվ այսօր ուղղակի չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ 2018-ից հետո ՀՀ-ում չի եղել
մի ընտրություն, որ վիճարկվեն արդյունքները, որ կասկածի տակ դրվի, այդպես է լինելու
նաև գալիք համապետական ընտրություններին։ Իսկ ովքեր կփորձեն այդ ընտրակեղծարարությամբ զբաղվել, հաստատ գործող իշխանությունն
օրենքի սահմաններում դրա դեմն առնելու է»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան