44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 195 անձ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
Նախարարի խոսքով՝ պաշտոնական տվյալներով անհայտ կորածներից 175-ը զինծառայողներ են, իսկ մյուսները՝ խաղաղ բնակիչներ։
Անդրադառնալով նույնականացված դիերի խնդրին՝ Գալյանը նշել է, որ վերջին տվյալներով՝ 75-80 դիերի դեպքում նույնականացման արդյունքները ընտանիքների կողմից չեն ընդունվել։ Նրա փոխանցմամբ՝ իրականացվել են կրկնակի փորձաքննություններ՝ հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված մասնագետների կողմից և հատուկ միջոցների կիրառմամբ։
Փորձագետները, նախարարի խոսքով, վստահեցնում են, որ նույնականացման գործընթացը իրականացվել է պատշաճ և ճիշտ կերպով։