Մեկ շնչին ընկնող փրկիչների թվով ՀՀ-ն, ինչպես հայտնի է, առաջինն է աշխարհում, եթե չասենք՝ երկրագնդում, որն, իրոք, փրկության, խնամքի ու հոգատարության կարիք ունի։ Խորհրդարանական ընտրությունների նախընտրական այս փուլում, ինչպես արդեն երևում է, բոլոր տեսակի, ռանգի, քաշի, կողմնորոշման, ծագման փրկիչները մոբիլիզացվել են տարբեր քաղաքական խումբ-խմբակներում ու պատրաստվում են փրկել ազգս ու պետությունը․․․ ոչ թե երկրագնդին մոտեցող ենթադրյալ աստերոիդից, ջրհեղեղից կամ այլ բնական աղետից, այլ․․․ հանուն նույն այդ ազգի ու պետության ի պաշտոնե կռիվ տվող Նիկոլ Փաշինյանից։ Սյուրռեալիզմը էլ ո՞նց է լինում։ Նորություն չէ, որ տարբեր ժամանակներում, նաև նախկին ռեժիմի օրոք, փրկչական առաքելությամբ հանդես են եկել քաղաքական տարբեր ուժեր ու դերակատարներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանից մինչև Անի Զախարյան ու «Սասնա ծռեր», սակայն սկսած գործը կեսից ոտքներին են գցել՝ կաղ ու կոտոր, մեկումեջ էլ՝ կաղկանձ կապած հեռանալով ասպարեզից։
Ընթերցողին առաջարկում ենք
11 տարի հետ գնալ՝ 2015 թվականի փետրվարը հիշել, երբ երկրում նախընտրական իրավիճակ
չէր, բայց փողոցներում մոլեգնում էր բուրժուադեմոկրատական
հեղափոխությունը։ Փրկչախումբը՝ Գագիկ Ծառուկյանի ու առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, ազգս ու
երկիրը փրկում էր այդ օրերի «պատուհասից»՝ Սերժ Սարգսյանից, որին, որքան հիշում
ենք, այդպես էլ չշնորհվեց «ազգակործան» տիտղոսը, ինչպես, օրինակ, Նիկոլ
Փաշինյանին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Բայց․․․ փույթ չէ, կարևորը՝ փրկչախումբը
պայքարի տնազով զբաղվեց՝ դրանից բխող հիասթափեցնող հետևանքներով։ Ծառուկյանը «պատուհասին»
հեռացնելու ամենավճռական պահին որոշեց
«զադնի դնել», որոշում, որը կայացնելու գործում, ինչպես այդ օրերի մամուլն էր
վկայում, վճռական դերակատարում ունեցավ ռուսաստանցի գործարար, այսօր արդեն
քաղաքականության մեջ մտած Սամվել Կարապետյանը՝ «ջրելով» միմյանց «դոդ» ու «չարիք» կոչածների քաղաքական «բազառը»
(հերթական անգամ ներողություն ենք խնդրում գողալեզու տերմինաբանության համար)։
Փրկչախմբի համաառաջնորդ Լևոն
Տեր-Պետրոսյանը, նկատենք, քաղաքականության
«էջը փակած» Ծառուկյանին մխիթարեց․․․ հոդվածով՝ վերնագրված «Սրտիս պարտքը»։ Չգիտենք՝ այդ հոդվածն արդյոք սփոփիչ
ազդեցություն ունեցավ, թե ոչ, բայց 2015-ի բուրժուադեմոկրատական չստացված
հեղափոխությունից 11 տարի անց, երբ ազգը ոչ թե փրկչի, այլ պարզապես կառավարչի
կարիք ունի, Տեր-Պետրոսյանն իր «սրտի պարտքն» է համարել «ազգի փրկումն» այս անգամ պատվիրակել ոչ թե Ծառուկյանին, այլ 2015-ի «փրկագործումը»
«կանխարգելած» Սամվել Կարապետյանին։ «Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության
միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով
ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ
խնդիրը»,- իր «սրտի պարտքում» նշել է Գագիկ Ծառուկյանի երբեմնի քաղաքական
պարտնյորը։
Ինչ արձագանք կգտնի այս ուղերձը «պառակտված ընդդիմության» (դիագնոզը առաջին նախագահինն է) շրջանում, Գագիկ Ծառուկյանը քանի՞ բալանոց
խանդի զգացում կապրի՝ լսելով սույն կոչը, ասել չենք կարող, բայց, ինչպես հայտնի է,
Տեր-Պետրոսյանն այն առանցքն է, որի շուրջը կամ մասնակցությամբ տեղի ունեցած «համախմբումները»․․․ վերջում դատապարտվում են ձախողման։
2007-ին նրա շուրջը կայացած համախմբումը՝ Հայ Ազգային
Կոնգրես կուսակցությունների դաշինքի տեսքով, որի նպատակը, հիշեցնենք, «ավազակապետության»,
«թաթար-մոնղոլական» համակարգի հենասյուներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ
Սարգսյանին, հեռացնելն էր, ընդմիջվեց «Մարտի 1»-ով, շարունակվեց տրաֆարետային հանրահավաքներով («գալոչկայի համար»)
ու որոշ ժամանակ անց ՀԱԿ անունով դաշինքի
փլուզմամբ։ 2021-ին էլ «ողջախոհության
ճրագի» հանձնառությամբ ընտրապայքարի մեջ մտած Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում
էր Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կանխելու համար «Ազգային համաձայնության
դաշինք» ձևավորել։ Սակայն Քոչարյանն ու Սարգսյանն ավելի բարոյական ու ողջախոհ
գտնվեցին, քան առաջարկության հեղինակը՝ մերժելով
իրենց «ավազակապետեր» որակածի առաջարկը։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն
2022-ին Գարեգին Բ-ի հովանու ներքո փորձում էր իշխանության և ընդդիմության
(մասնավորապես երկրորդ ու երրորդ նախագահների մասնակցությամբ) միջև «կառուցողական
երկխոսություն» սկզբնավորել, այսպես ասած՝ քոմագ անել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ
կողմնորոշվի միջազգային հանրության կողմից Հայաստանին արվող առաջարկներում, սակայն
նրա այս հանձնառությունն էլ ձախողվեց. երկրորդ և երրորդ նախագահները վերստին մերժեցին համախմբման կոչը՝ ազդարարելով,
թե «կապիտուլյացիայի շուրջ համախմբումը» բացառում են։
Թե ինչպես կարձագանքի «պառակտված» ընդդիմությունը Սամվել
Կարապետյանի շուրջը համախմբվելու տերպետրոսյանական կոչին՝ կերևա առաջիկայում, բայց
ակնհայտ է, որ քաղաքականության մեջ իր կառուցողական անելիքն այլևս չտեսնող առաջին
նախագահն արդեն տևական ժամանակ առաջնորդվում է «հայտարարություն հանուն
հայտարարության» սկզբունքով։ Այն է՝ անում է այնպիսի կոչեր, հղում այնպիսի
ուղերձներ, որոնք ի սկզբանե իրագործման շանսեր չունեն, էլ չասած, որ հիմնականում անհամատեղելի
են ողջախոհության հետ։
Հ. Մ.