Քոչարյան, Սարգսյան, Սամվել Կարապետյան նույն մարդն են, իրար վրա բոչկա գլորելով՝ ձայն են կորզում

Երեկ Սերժ Սարգսյանը մի ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ նրանք, ովքեր կփորձեն մեր հաշվին «աչոկ հավաքել», ճշմարտությունը կլսեն։ Ում է ակնարկում Սերժ Սարգսյանը։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հետ։  Պատգամավորի խոսքով՝ Սերժ Սարգսյանը և մնացած բոլոր ընդդիմադիրները օրգանական կապով կապված են միմյանց։


«Եթե Սերժ Սարգսյանը սկսի խոսել, ու հուսով եմ՝ կխոսի, մեր հանրությունը կհասկանա, թե ինչի մասին է խոսքը, ու թե ինչեր են արել միասին։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ իրենք հունիսի 7-ից հետո, երբ բոլորն իրենց հասանելիքը կստանան՝ պարտության տեսքով, վստահ եմ՝ շատ բան կբացահայտվի, շատ բան կխոսեն, ու հանրությունը շատ բանից տեղեկացված կլինի»,- ասաց  պատգամավորը։


 ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրապարակային մեղադրանքներ են հնչեցրել՝ փորձելով պարզել, թե ով է 2018 թվականին բերել գործող իշխանությանը։


Այս առնչությամբ էլ պատգամավորն ասաց, որ չի կարծում, թե նրանք միմյանց հետ խնդիրներ ունեն, քանի որ իր համար Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույն անձնավորությունն են։


«Այն խոսույթը, որ իրենք տարածում են ժողովրդի մեջ, թե ով է մեզ բերել իշխանության… մեզ իշխանության բերել է ժողովուրդը, որի հետ իրենք բացարձակապես կապ չունեն։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն կարող ժողովրդի հետ կապ ունենալ, որովհետև մենք գիտենք՝ ինչպիսի ընտրություններ են եղել իրենց օրոք, ինչպես են իրենք ընտրվել, ինչ եղավ մարտի 1-ին, էդ նույն ժողովրդի վրա ոնց կրակեցին, ունեցանք նաև զոհեր, և ես չեմ հավատում նրանց այդ գզվռտոցին»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան