Ժողովուրդը թույլ չի տա այդ ուժերին գալ իշխանության ու Հայաստանը դարձնել սեփական դուքյանը

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի խոսքով՝ ռուսական հինգերորդ շարասյունը փորձում է Հայաստանում իշխանություն զավթել: «Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը պետք է ինչ-որ կերպ դրա դեմն առնի, որովհետև մենք նվազագույնը գործ ունենք մեր Սահմանադրության խախտման հետ։ Իշխանության են ձգտում այն քաղաքական ուժերը, որոնք իրենց բազմաթիվ կոչերով ու հայտարարություններով ուզում են Հայաստանը զրկել ինքնիշխան սուբյեկտ լինելուց»,- Civic.am-ի եթերում ասաց նա։


Առաքելյանի դիտարկմամբ՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ավելի քիչ հիմքեր ուներ կտրուկ  քայլերի դիմելու, քան մեր իշխանությունը: «Այդ կամքը պետք է անպայման արտահայտվի՝ չնայած այն հետևանքներին, որոնք անպայման կլինեն։ Եթե այդ քայլը չկատարվի, ապա նույնիսկ եթե այդ ուժերը չընտրվեն ժողովրդի կողմից, իսկ ես վստահ եմ, որ նրանք կմերժվեն,  կփորձեն շարունակական պրոցես սկսել այն հիմքի վրա, որ  իբրև թե կեղծված ընտրություններ են տեղի ունեցել»,- նկատեց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենար, երբեք այս քայլին չէր դիմի. «Բայց հարցը շատ կոնկրետ է  դրվել իր առաջ՝ այնպես, ինչպես  ժամանակին Ռուբեն Վարդանյանի առաջ»։


Բագրատ Առաքելյանի  կարծիքով՝ այդ մարդիկ ոչ միայն իրավունք չունեն Հայաստանում ընտրություններին մասնակցելու, այլև առհասարակ ազատության մեջ լինելու: «Նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում թալանով են զբաղվել՝ սկսած ռելսերի վաճառքից, մինչև Արցախի հանձնում, որտեղ կանսերվի բանկաների դիմաց մեր զինվորներին էին կանգնեցրել․․․ այդ մարդիկ այսօր կուտ են ցփնում մեր ընտրողների առաջ, որ ոչ այնքան գիտակից մասսային գրավեն իրենց կողմը։ Դա մեր ժողովրդի համար ուղղակիորեն թակարդ է։ Մեր ժողովուրդն արդեն դառը փորձ ունի ու ոչ մի դեպքում թույլ չի տա այն ուժերին, որոնց էությունը ստեղծված է  հենց գումարներ ու բիզնեսներ դիզելու վրա, գալ իշխանության ու Հայաստանը դարձնել իրենց սեփական դուքյանը»,-  եզրափակեց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում