Սարկավագ Նարեկ Պետրոսյանի շիրմի կողքին կանգնած և նրա ծնողի տպավորություն թողած մարդկանց պահվածքը վրդովեցրել է հերոսի մայրիկին

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված սարկավագ Նարեկ Պետրոսյանի մայրը՝ Ռուզան Պետրոսյանը, դիմել է մեր խմբագրություն և պատմել, որ հունվարի 27-ին, երբ ինքը ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել, իր խոսքը սկզբում չեն դրել, իսկ իր թողած մեկնաբանությունից հետո այն  ներկայացրել են աղավաղված։


Տիկին Ռուզաննան Շուշիից է, նա հունվարի 27-ին իր ավագ որդու հետ գնացել է Եռաբլուր, որպեսզի հարգանքի տուրք մատուցի իր միջնեկ տղայի հիշատակին, և ծաղիկներ խոնարհելիս իրենց է մոտեցել մի լրագրող, հավաստիացել, որ ինքը Նարեկ Պետրոսյանի մայրն է և խնդրել է իր տղայի մասին պատմել։


«Ես ասացի, որ ինքը պատերազմը չէր սիրում, ինքը խաղաղության մարտիկ էր։ Նարեկ Պետրոսյանը սարկավագ է եղել, բայց դրանից առաջ մոտ հինգ տարի ծառայել է որպես գնդերեց։ Ես նրան ասում եմ, որ իմ որդին Աստծու արքայության մեջ է նստած, լրագրողն ինձ անիմաստ հարցեր է տալիս։ Ես նրան ասացի՝ հայտնություն եմ տեսել, որ իմ որդին Քրիստոսի աջ կողմում է, և նա բարեխոսում է և՛ խաղաղության, և՛ եկեղեցու բարենորոգման համար, այդ բարենորոգումը նրան հուզում էր մինչև նահատակվելը։ Եվ ասացի՝ կարծում եմ, որ մյուս նահատակներն էլ են իմ որդու հետ բարեխոսում։  Ինքը կարծես դժգոհ էր իմ ասածից և փոխեց թեման։ Ես զարմացա, որովհետև երբ ես այդ լուրը հայտնում եմ, իմ շրջապատի մարդիկ ուրախանում են, ինձ համբուրում են։ Չեմ կարծել, որ այդ կարգի անարդարություն, այս կարգի պղծված մարդիկ կան, որ գան հարցնեն, լսեն մի բան, հետո խեղաթյուրեն»,- ասաց տիկին Ռուզանը։


Վերջինս նաև տեղեկացրեց, որ այդ ԶԼՄ-ի պատրաստած նյութի տակ իր խոսքերը ամբողջական հրապարակելու մեկնաբանություն է թողել, հակառակ պարագայում դատարան կդիմի։


«Սկզբում իմ խոսքերն ընդհանրապես չկային, և տեսանյութում կողքի շիրիմներից երկու տղամարդ, իրենց գերեզմանները թողած, եկել կանգնել էին իմ որդու շիրիմի դիմաց, նայում էին իմ որդու նկարին, կարծես թե իմ որդու հայրն են, ու ասում էին՝ մեր երեխաները գիտեն, թե ինչի համար են զոհվել, ես եկել եմ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանին։ 27-ը ինչ օր է, որ 27-ը դրել է, և նրանք եկել էին կռվելու, խոչընդոտելու։ Ես շատ վատ զգացի, որովհետև մարդը բարի բան է ուզում անել, հարգանքի տուրք է եկել մատուցել, բացի դրանից այդ ելույթը շատ լավն էր»,- նշեց տիկին Ռուզանը՝ հավելելով, որ իր որդին հոժարակամ է գնացել պատերազմ։


Լիլիթ Թադևոսյան