ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին, որը Լիտվայում ավարտել է ելույթները Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում և վերադարձել հայրենիք։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է հավաքականի մարզիկներին և մարզչական շտաբին պատմական մասնակցության և տպավորիչ արդյունքների համար՝ ընդգծելով, որ թիմը պատվով է ներկայացրել Հայաստանը միջազգային ասպարեզում: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած նվիրումի և համախմբված աշխատանքի համար:
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին և կարողացել է հասնել մինչև քառորդ եզրափակիչ: Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։ Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ և պարտություն է կրել: