Իշխանության թալանից խոսող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը դատարանում է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի, ինչպես նաև նրան փոխկապակցված մի շարք անձանց՝ հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի, Լիանա  Խաչատրյանի, Բալասան Սաղաթելյանի, Նաիրի Սաղաթելյանի, Մեդեա Սաղաթելյանի և «Նարվեստ» գյուղատնտեսական կոոպերատիվի վերաբերյալ ՀՀ դատախազության հայցապահանջը հունվարի 30-ին մտել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հայցապահանջը ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ է, գործով դատավորը Աշխեն Ղարսլյանն է։ 


Նշենք, որ Ի. Սաղաթելյանի գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը սկսել էր նախորդ տարի։ Դեկտեմբերի վերջին էլ Սաղաթելյանն ու նրան փոխկապակցված անձինք հրավիրվել էին հիշյալ վարչություն։


Հարկ է նկատել, որ 2022-ին իշխանափոխության պահանջով սկսված ու ձախողված «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանն իշխանության մասին խոսելիս հաճախ է հոլովում «թալան», «կոռուպցիա» բառերը։ Ավելին, այդ շարժման ժամանակ ունեցած ելույթներից մեկում դաշնակցական պատգամավորը խոստանում էր հետ բերել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և գործող իշխանության օրոք տեղի ունեցած թալանը։ «Բոլոր տարիներին մեր պետությունից գողացվածը, եթե կան դրա ապացույցները և օրենքով սահմանված հնարավորությունները, այո, պետք է վերադարձվի»,- մասնավորապես նշել էր Սաղաթելյանը։