Սևանում կա ոչխարաբուծարան, որտեղ չեն կարողանում հովիվ ճարել ամիսը 200․000 դրամով․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ
«Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություն։ Եթե դուք նայեք հիմա մենք ճիշտ է ամենառեկորդային ամսում չենք, բայց երկրորդ ամենալավ ցուցանիշն է։ Այսինքն այս պահին աշխատանքի շատ հայտարարություններ կան ինտերնետում տարբեր ոլորտների վերաբերյալ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ 

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում շատ մարդիկ նպաստների հույսին են մնում և չեն գնում աշխատելու․ «Ես նաև այդ մարդկանց եմ ուզում կոչ անել՝ փոխել իրենց կենսակերպը, հրաժարվել նպաստներից և մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։ Էկոնոմիկայի նախարարության Տելեգրամ ալիքում ինֆորմացիան բաց դրված է, թե որ ոլորտի ինչքան աշխատատեղ կա ինտերնետում»։ 

Դիտարկմանը՝ ծննդյան նպաստները բարձրացրել են և մարդկանց հնարավորություն են տալիս չաշխատել՝ նախարարի պաշտոնակատարն արձագանքեց․ «Դուք գիտեք ես 5 երեխա ունեմ, և կարելի է ասել ամեն ինչ գիտեմ ծնող լինելու մասին։ Ծննդյան նպաստը չի սահմանափակում աշխատելու հնարավորությունը, մինչդեռ սոցիալական նպաստները վերաբերում են այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն»։

Լրագրողները հետաքրքվեցին նաև հովիվների վերաբերյալ Քերոբյանի արած հայտարարությունից՝ Դուք խոսել եք հովիվների պահանջարկի մասին, ինչպես կարելի է չափել այդ պահանջարկը, քանի տոկոս է կազմում աշխատաշուկայում։ Ի պատասխան այս հարցի՝ նախարարի պաշտոնակատարն օրինակներ բերեց, թե որտեղ չեն կարողանում հովիվներ գտնել․ «Օրինակ Սևանում կա ոչխարաբուծարան «Նավասարդ Ագրո» է անունը և իրենք չեն կարողանում հովիվ ճարել ամիսը 200․000 դրամով։ Եվ Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել այն մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա «Ագրոհոլդինգ» ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ գյուղացիները չեն աշխատում»։

Հարցին՝ արտերկրում՝ օրինակ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում հաջողության հասած մեր հայրենակիցները արդյո՞ք «բերման կենթարկվեն»՝ ինքնակամ կգան և այստեղ նշված ոլորտներում կաշխատե՞ն՝ ագրոբիզնեսում, կամ օրինակ հովիվ։ Վահան Քերոբյաննը հավելեց նաև փոխնախարարի աշխատատեղը։ Լրագորղներն էլ հետաքրքվեցինք՝ քանի ազատ տեղ կա փոխնախարարի։

«Հիմա բոլոր հաստիքները լրացված են փոխնախարարի։ Դուք գիտեք, որ ես վերջերս նշանակել եմ երկու փոխնախարար։ Երկուսն էլ վերադարձել են արտերկրից մեկը Ռուսաստանից, մյուսը Հոլանդիայից։ Իմ խորհրդականների մեջ էլ կան Շվեյցարիայից, Գերմանիայից, Լյուքեմբուրգից վերադարձած կամ հեռավար աշխատող մարդիկ, ովքեր շատ են օգնում մեզ նախարարության աշխատանքը մոտ դարձնել միջազգային ստանդարտներին»,-արձագանքեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։ 

Հիշեցնենք, որ երեկ Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ էր արել աշխատանքի սուր պահանջարկով պայմանավորված «բերման ենթարկել արտերկիր խոպան գնացած բարեկամներին․ «Սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»։