Չինացի հնէաբանները դինոզավրերի հետքեր են հայտնաբերել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի ժայռային ապարներում։ Գտածոյի տարիքը գնահատվում է 200 միլիոն տարի, գրում է China Daily թերթը։
Անսովոր հետքերը ժայռերի վրա ի սկզբանե գտել է զբոսաշրջիկներից մեկը՝ Դուցզյանյան քաղաքային շրջանում։ Գտածոյի իսկությունը հետագայում հաստատել է Չինաստանի Երկրաբանական համալսարանի դոցենտ Սին Լիդայի (Xing Lida) գլխավորած հետազոտական խումբը։

Գիտնականները նույնականացրել են տարբեր չափերի թերոպոդների հետքեր, ինչպես նաև քիրոթերիային տիպի հետքեր, որոնք վերագրվում են վաղ արքոզավրերին։
Հետազոտողները հետքերի կողքին հայտնաբերել են քարացած փայտի բեկորներ, այդ թվում՝ գերաններ և ուղղահայաց կանգնած կոճղեր, որոնք պահպանվել են տեղում։
Սին Լիդայի խոսքով՝ գտածոն հատկապես արժեքավոր է, քանի որ հայտնաբերված հետքերը պահպանվել են առնվազն չորս շերտերում, ինչը վկայում է այն մասին, որ դինոզավրերն այստեղ ապրել են երկար ժամանակահատված։ Այն կօգնի գիտնականներին ավելի լավ հասկանալ դինոզավրերի վաղ էվոլյուցիոն պատմությունը Չինաստանում։