ԲՏԱ նախարարի մասնակցությամբ Գյումրիում անցկացվել է կիբեռանվտանգության թեմայով իրազեկման հանդիպում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ նոյեմբերի 28-ին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Ներկա է գտնվել ավելի քան 150 աշակերտ Գյումրիի և հարակից ԹՈւՄՈ տուփերից:


Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը:



Հանդես գալով բանախոսությամբ` նախարար Հայրապետյանը ներկայացրել է կիբեռանվտանգության ներկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։ Նա կարևորել է նաև թվային հմտությունների զարգացումը՝ դիտարկելով այն որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ։


Այնուհետև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է առցանց հարթակներում վարքագծային կանոնները։ Իր խոսքում նա ևս անդրադարձել է տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության թեմաներին։



Իրազեկման արշավի շրջանակում ներկայացվել են նաև կրթական համակարգում ԱԲ գործիքների դրական կիրառության օրինակներ․ մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարելի է արհեստական բանականության միջոցով ստեղծել ուսումնական հետաքրքիր նյութեր, սցենարներ և խնդիրներ՝ ուսումը դարձնելով ավելի ինտերակտիվ, արդյունավետ և մոտիվացնող։ 


Հաջորդիվ ներկայացվել են ՀՏՀԳ AM-CERT-ի (Ազգային կիբեռ միջադեպերի արձագանքման թիմ) փորձագետների կողմից մշակված տեղեկատվական նյութեր, ելույթներ, ինչպես նաև անցկացվել  են ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր:



Կիբեռանվտանգության իրազեկման արշավը նպատակ ունի ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում ինչպես պետական հանրակրթական դպրոցներում, այնպես էլ ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ կենտրոններում ու Դիլիջանի կենտրոնական դպրոցում։


Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ: