Հերթական անհատական շարժումն է, որի առանցքում պարզապես օլիգարխ է. Մանավազյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Փողի վրա հիմնված ընդդիմությունն այսօր ամփոփել է իր ծախսած գումարների արդյունքը։ Բազմաթիվ մանիպուլյացիաների հեղինակ Նարեկը հայտարարեց, որ իրենց շարժմանը միանալու պատճառը Սամվել Կարապետյանն է և նրա անունը։ Այսինքն՝ գաղափարական ոչ մի հիմք․ հերթական անհատական շարժումն է, որի առանցքում պարզապես օլիգարխ է՝ Ռուսաստանի քաղաքացի, հայտնի միայն իր ունեցվածքով։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ շարժմանը միանալու պատճառը հենց փողն է։


Նարեկը նաև դժգոհում է, թե 30 տարի Հայաստանում սխալ քաղաքականությամբ են զբաղվել։ Բայց հենց մեր իշխանության օրոք է խոսքի ազատությունը հասել այն մակարդակի, որ նույնիսկ միլիարդատեր օլիգարխի եղբորորդին, այդ 30 տարիներից առնվազն տասը իշխանական կապերի մեջ եղած մարդու որդին, այսօր ազատ խոսում է այդ նույն ժամանակների «վատ քաղաքականության» մասին։ Նարեկին հուշեք, որ սա արդեն ինքնին նվաճում է: 


Նորից խոստանում է աշխատատեղեր ու բարձր աշխատավարձեր։ Շարունակում եմ հարցնել՝ ինչո՞ւ ձեր սեփական ընկերություններում երբեք չեք իրականացրել այդ խոստումները, նույնիսկ մարդկային աշխատանքային պայմաններ չեք ապահովել: 


Ասում է՝ կարևոր է, որ առողջապահության բյուջեն ավելանա և ապահովագրություն ներդրվի։ Նարեկը պարզապես կտրված է իրականությունից։ Ընդամենը երեկ առողջապահության նախարարը խոսեց 2026-ից ուժի մեջ մտնող ապահովագրական համակարգի մասին, իսկ օրեր առաջ հրապարակել էի առողջապահության բյուջեի զգալի ավելացումների տվյալները։ Այսինքն՝ չեն հետևում իրադարձություններին, բայց խոսում են դրանց մասին։


Վերջում էլ ասում է՝ ՔՊ-ն ավելի լավ ընդդիմություն էր, քան իշխանություն։ Այո՛, ՔՊ-ն իսկապես կարողացավ առանց ֆինանսական ռեսուրսների լինել ուժեղ ընդդիմություն, իսկ հիմա՝ ժողովրդի վստահությամբ երկրորդ անգամ ընտրված իշխանություն։ Եվ մենք հավատում ենք, որ 2026-ին ևս մեր ժողովուրդը կընտրի իր ձայնի ուժով՝ հանուն խաղաղ զարգացման։