Վաղարշապատում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները,
ինչպես երևում է, որոշ կուսակցություններ դիտարկում են որպես «ռազմինկա»՝ 2026-ի
համապետական ընտրություններից առաջ։ Որոշ ուժերի էլ ոգևորել է Գյումրիում տեղի
ունեցած ՏԻՄ ընտրությունների «փառավոր ելքը», երբ ընդդիմությունը անջատ-անջատ
մասնակցեց ընտրություններին, հետո քաղաքապետ կարգեց նախկինում ՀՀԿ-իստ, հետո
«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր դարձած, հետո էլ Կոմկուսի ցուցակը
գլխավորած Վարդան Ղուկասյանին, որն իր
պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում արած սկանդալային հայտարարություններով
հիրավի վաստակել է ՀՀ «թիվ մեկ պուտինիստ և միութենիստ» տիտղոսը։
ՀՀ հոգևոր մայրաքաղաքի՝ նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին
մասնակցելու իր ամբիցիաների մասին օրերս հայտարարեց նաև մեկ այլ պրոռուսական
գործիչ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ գործող ԱԺ «Հայաստան» խմբակցության
նախկին անդամ, քաղաքական շրջանակներում «ФСБ -ի բարձրախոս» մականունը ստացած Անդրանիկ Թևանյանը։ Նա, ինչպես
հայտնի է, «Մայր Հայաստան» անունով «բրենդ» է ստեղծել, որի ներքո մասնակցում է ՏԻՄ
ընտրություններին՝ օգտագործելով տարբեր կուսակցությունների։ Երևանի ՏԻՄ ընտրություններին,
ինչպես հայտնի է, Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձևավորել էին Զարուհի
Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ն և քաղաքական խայտաբղետ անցյալ ունեցած Մանուկ
Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան»-ը։ Գյումրիի ընտրությունների ժամանակ էլ
քաղաքական սեփական կուսակցությունը չունեցող Անդրանիկ Թևանյանը որոշեց որպես ընտրական տրամպլին
օգտագործել Ռոբերտ Քոչարյանի՝ ժամանակին շա՜տ հայտնի աջակից, վերջինիս անանձնական
սիրով վերաբերված Անի Կարապետյանի «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունն ու
նորեն Մ. Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան»-ը։ Այս
դաշինքը, հիշեցնենք, որը ստացավ երկու մանդատ, միացավ Մարտուն Գրիգորյանի՝ «Սերժի
Մարտունի» և Ռուբեն Մխիթարյանի՝ «Միշիկի Ռուբոյի» ցուցակի ավագանու անդամներին և
կողմ քվեարկեց Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուն՝ այսպիսով կրելով էքսցենտրիկ
քաղաքապետի «միութենիստական» գաղափարների միջնորդավորված պատասխանատվությունը։
Արդ,
Վաղարշապատի ընտրություններից առաջ ինչո՞ւ է մեր ուշադրությանն արժանացել
Անդրանիկ Թևանյանը։ Բացատրենք՝ նա վերջապես «Մայր Հայաստան» «բրենդ»-ը միանձնյա
կրող սուբյեկտ է գտել՝ Քոչարյանի աջակից Անի Կարապետյանի կուսակցությունը։ Պետական
ռեգիստրի տվյալները հուշում են, որ Կարապետյանի
«Իմ պայքար, իմ հայրենիք»-ը այլևս վերաբրենդավորվել է և անվանվում է «Մայր
Հայաստան»։ Դատելով կուսակցության 2023
թվականի հայտարարագրից՝ կուսակցության իրական շահառուն Անի Կարապետյանն է։
Փաստորեն, Թևանյանը որոշել է գնալ կարճ ճանապարհով՝ իրավավարչարարական
քաշքշուկներից զերծ մնալու՝ նոր կուսակցություն
գրանցելու փոխարեն 2021-ին գրանցում ստացած պրոյեկտը օգտագործել սեփական քաղաքական
նպատակների համար՝ անվանափոխելով, դարձնելով «Մայր Հայաստան» Ազգային-Դեմոկրատական
կուսակցություն։
Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անի Կարապետյանի կուսակցության
արտահերթ՝ 5-րդ համագումարը, որի օրակարգային հարցերից մեկն էլ եղել է կուսակցության նոր խմբագրությամբ
կանոնադրության նախագծի քննարկումը` անվանափոխությամբ: Կուսակցության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Թևանյանը։ Կարապետյանն էլ, որն ընտրվել է վարչության
անդամ, որպես քոչարյանական թիմի քաղաքական խոսույթի կրող, համագումարի ժամանակ
ազդարարել է, թե ընդդիմությունը պետք է դադարեցնի ցեխարձակումները միմյանց
ուղղությամբ, քանի որ «համատեղ ջանքերով է, որ հնարավոր կլինի ազատվել օրվա իշխանություններից»։ Վաղարշապատում
«Մայր Հայաստանի» ցուցակը կգլխավորի Արմավիրի Դողս համայնքի նախկին ղեկավար
(ընտրվել է 2016-ին), անհատ ձեռնարկատեր Գրիշա Հարությունյանը։ Համայնքապետի լիազորությունները սեփական դիմումի համաձայն
վաղաժամկետ դադարել են 2021–ի հունիսին։ Ի դեպ, վերջինս համայնքի ղեկավարի
կարգավիճակում ընդգրկված էր «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 100-րդ
հորիզոնականում։
Ամփոփելով՝
նշենք, որ Վաղարշապատում, փաստորեն, երկրորդ նախագահի՝ Ռ․ Քոչարյանի թիմի մասնակցությունն
ապահովված է ի դեմս «Մայր Հայաստան»-ի։ Նշենք, որ
Վաղարշապատում կայանալիք ընտրություններին մասնակցելու իր հայտի մասին
ազդարարեց նաև Քոչարյանի քաղաքական պարտնյոր ՀՅԴ-ն։ Քիչ հավանական է, որ Թևանյանն ու
Դաշնակցությունը ընտրություններին ընդառաջ դաշինք կազմեն, քանի որ, ըստ լուրերի,
ՀՅԴ-ի ցածր վարկանիշը «խրտնեցնում» է ամբիցիոզ Անդրանիկ Թևանյանին, որն, ի դեպ,
ընդդիմադիր դաշտին հրահանգեց դադարեցնել փոխհրաձգությունը՝ միմյանց հոշոտելը, ու
«թիրախավորել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ու նրա արբանյակների՝ էդ թուրքական
«5-րդ շարասյանը»»։ Նույնիսկ վայրի
ջունգլիներում, ինչպես Թևանյանը նշեց, կա այսպես կոչված՝ «ջրային հրադադար»։
Ինչ
վերաբերում է երրորդ նախագահին, ապա վերջինս էլ քաղաքական պայքարի մեջ է մտել ԱԱԾ
նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ով, որին, ինչպես օրերս պարզվեց,
աջակցելու իր պատրաստակամության մասին է հայտնել Սերժ Սարգսյանի վաղեմի ախոյան
Սամվել Բաբայանը։ «Քաղաքականությունն անբարոյականություն է» աֆորիզմը, փաստորեն,
առաջիկա ՏԻՄ ընտրություններին կդրվի գործողության մեջ։
Վաղարշապատցիներին հիշեցնենք, որ «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արգիշտի Մեխակյանն է, որի դեմ անողոք պայքարի են ելել (և դեռ կելնեն) ընդդիմադիր
վայրի ջունգլիների՝ եղնիկի անմեղությամբ ներկայանալ պատրաստվող «շնագայլերը»։
Հ. Մանուկյան