Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմն այժմ իր ամենասուր փուլում է, և Ռուսաստանը պարտավոր է դրանից հաղթանակած դուրս գալ՝ «հանուն մեր երեխաների, թոռների և ապագայի»։
«Պատերազմ է ընթանում։ Հատուկ ռազմական գործողությունը մի բան
է, իսկ այն, ինչ կատարվում է մեր շուրջը, դա արդեն պատերազմ է»,- ասել է Պեսկովը։
Խոսելով Ուկրաինայի հետ բանակցությունների հեռանկարների
մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև
հանդիպումը առանց նախապատրաստության կլինի «անհաջող PR ակցիա»։ Նա հիշեցրել է, որ
Կիևը որպես բանակցությունների վայր առաջարկել է Ավստրիան և Շվեյցարիան, սակայն
Մոսկվան այդ երկրները չի համարում չեզոք։
Խոսելով
Ռուսաստանի տնտեսության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այն մեծ մասամբ վերակառուցվել
է ռազմաճակատի կարիքների համար, բոլոր սոցիալական պարտավորությունները կատարվում
են, իսկ բյուջեն հավասարակշռված է։ Պեսկովը ընդունել է խնդիրների առկայությունը,
որոնք սրվել են պատժամիջոցների պատճառով, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանը
պահպանում է մակրոտնտեսական կայունությունը։
Նրա խոսքով՝
Մոսկվան հաջողությամբ էներգառեսուրսները վերաուղղորդում է դեպի արևելյան շուկաներ,
այն պայմաններում, երբ Եվրոպան դադարում է Ռուսաստանի համար լինել «առաջնային
շուկա»։
Պեսկովը նաև հայտարարել
է, որ Ռուսաստանը մնում է եվրոպական անվտանգության անքակտելի մասը, և ընդգծել է. «Չի
կարելի Եվրոպայի անվտանգությամբ զբաղվել ի վնաս Ռուսաստանի անվտանգության»։