Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 23-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանը կախված է Չինաստանից, և որ Պեկինը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, բայց դա չի անում։
«Եթե
Չինաստանն իսկապես ցանկանար դադարեցնել այս պատերազմը, կարող էր ստիպել Մոսկվային
դադարեցնել ներխուժումը»,- ասել է Զելենսկին։
«Առանց
Չինաստանի պուտինյան Ռուսաստանը ոչինչ է։ Սակայն Չինաստանը չափազանց հաճախ լռում է
և անտարբեր է մնում՝ հանուն խաղաղության ակտիվ գործողությունների փոխարեն»,-
հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Եվս
մեկ այլ երկիր, որը, Զելենսկու խոսքով, կարող է Ռուսաստանին դրդել դադարեցնել
պատերազմը, Միացյալ Նահանգներն է։ «Մոսկվան վախենում է Ամերիկայից և միշտ
ուշադրություն է դարձնում նրա վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ հիշատակելով ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն օրը ավելի վաղ ունեցած իր հանդիպումը։
Զելենսկին
նաև կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ վախենում
է ուղիղ խաղաղության բանակցություններ վարելուց։
«Այդ
մարդը վախենում է դեմ առ դեմ նստել Ուկրաինայի և աշխարհի հետ և բացահայտ
խոստովանել, որ ինքը միայն պատերազմ է ուզում։ Փոխարենը Պուտինը ուղարկում է
պատվիրակների, որոնք չեն կարող են և չեն ուզում
դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Զելենսկին։