«Մոսկվան ուզում է, Վաշինգտոնը ևս ուզում է». Լավրովը՝ Թրամփի հիասթափությունների մասին

Մոսկվան «ուզում է պահպանել երկխոսությունը, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների միջև», և Վաշինգտոնը «նույնպես դա է ուզում», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։


«Մենք ուզում ենք պահպանել այն երկխոսությունը, որը հաստատվել է մեր նախագահների, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև, այլ խողովակներով, երկու նախագահների ազգային անվտանգության հարցերով օգնականների և հատուկ ներկայացուցիչների միջև, և մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմն էլ նույն ցանկությունն ունի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։


Լավրովը նաև հայտարարել է, որ Եվրոպան «փորձում է կոտրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները, որոնք նա ներկայացրել է Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ»։


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ինքը «որևէ խնդիր չի տեսնում այն բանում, որ Ռուսաստանի դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ»։


Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիասթափությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի տեմպերից՝ Լավրովը հայտարարել է. «Երբ նախագահ Թրամփն ասում է, որ հիասթափված է, մասամբ ինձ թվում է՝ ես, բնականաբար, չեմ կարող ասել, որ նրան շատ լավ եմ ճանաչում, բայց մի քանի անգամ շփվել եմ նրա հետ, և իմ մեջ ինչ-որ պատկերացում ձևավորվել է, դա մասամբ բացատրվում է նրանով, որ նա ուզում է արագ լուծումներ։ Որոշ տեղերում դա կարող է ստացվել, որոշ տեղերում՝ հազիվ թե»։