Մոսկվան շարունակում է աշխատանքը Բաքվի և Երևանի հետ. կողմերի հետ մշակվում են տարբեր տարբերակներ. Պեսկովը՝ ԼՂ իրավիճակի կարգավորման մասին
Ռուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը և Բաքվի, և Երևանի հետ: Մենք կշարունակենք դա անել նաև հետագայում»,- ասել է նա՝ ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ներկայումս կողմերի հետ մշակվում են տարբեր տարբերակներ։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է Լեռնային Ղարաբաղ հասած հումանիտար օգնության առաջին խմբաքանակի մասին, որը առաքվել է ռուսական կողմից։