Երևանի համար ապաշրջափակումը էկզիստենցիալ նշանակություն ունի․ Բաքվում ևս պետք է շտապեն ու խելամիտ կոմպրոմիսի գան

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Էմիրություններում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս հանդիպման մասին առաջին անգամ ոչ պաշտոնապես հայտարարվել էր «ապաշրջափակման» շուրջ ամերիկյան առաջարկների առկայության մասին ինֆոարտահոսքի ժամանակ։ Ըստ դրա՝ Միացյալ նահանգները Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել էր ապաշրջափակման հարցում առաջ քայլեր իրականացնել, իսկ անցակետերում կարող էին տեղակայվել ամրիկահայկական մասնավոր ընկերության ներկայացուցիչներ։ Սրան դեռ կանդրադառնանք։


 

Հիմա անցնենք հանդիպմանը։ Բացի արտգործնախարար Միրզոյանից վարչապետին ուղեկցում էին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վերջինս, ինչպես գիտեք, ադրբեջանական կողմի հետ բանակցում է ճանապարհների ապաշրջափակման և սահամանգծման ու սահմանազատման հարցերի շուրջ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսակցության հիմնական թեմաներից մեկը, եթե ոչ հիմնականը ապաշրջափակումն է։ Սրա ապացույցը նաև ամերիկյան միջնորդությունն է ու հանդիպման վայրը։ Աբու Դաբիում են կայանում ամերիկյան միջնորդությամբ գրեթե բոլոր հանդիպումները՝ այդ թվում ռուս-ուկրաինական։ Չնայած ֆորմալ առումով հանդիպումը երկկողմ էր ու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հանդիպումից հետո տարածած հաղորդագրություններում կարևորել էին այդ հանգամանքը, սակայն ակնհայտ է, որ ամրիկյան կողմը գործընթացում ունի իր մասնակցությունը՝ առնվազն որպես կազմակերպիչ, խթանող, գուցե որոշակիորեն նաև ճնշող։


Մյուս ակնհայտ բանն այն է, որ Ռուսաստանն է դուրս մնում գործընթացներից։ Իսկ ապաշրջափակման թեմայում մենք գիտենք նրա դիրքորոշումը։ Ըստ ռուսական կողմի՝ ճանապարհը պետք է վերահսկեն ռուսական սահմանապահները։ Հայաստանը դեմ է սրան, բայց, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի մասնավոր որևէ ընկերության՝ այդ թվում ամերիկահայկական ընկերության ներկայության։ Այս տարբերակը, նկատենք, այնքան էլ ամերիկյան չէ։ Ճանապարհի անցակետերը հսկելու լիազորությունը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու տարբերակ առաջին անգամ հենց հայկական կողմն է արել՝ դեռ  2022 թվականին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի իր ասուլիսում հայտարարեց, որ նման առաջարկ է արել Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ կողմերը մտահոգություններ ունեն։ Քանի որ ադրբեջանցիները չեն ցանկանում մաքսակետերում  շփվել հայ մաքսավորների հետ, իսկ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում ադրբեջանական անցակետում շփվել ադրբեջանցի մաքսավորների հետ։


«Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,- ասել էր Փաշինյանը։


Այս առաջարկն, ըստ էության, Ադրբեջանի կողմից մերժվել էր, քանի որ մինչ այսօր դրան համաձայնություն չեն տվել։ Հիմա արդեն նույն այդ առաջարկությունն արել է ամերիկյան կողմը։ Չենք կարող վստահաբար ասել, որ Ադրբեջանը համաձայնել կամ մերժել է այս առաջակությունը։ Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ այսօր Աբու Դաբիում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում, որին ներկա էր նաև Մհեր Գրիգորյանը, և որ հանդիպումը տևեց ավելի քան 5 ժամ, կարելի է ասել, որ կողմերը մանրամասնորեն և լրջորեն քննարկել են այդ թվում այս հարցը։


Հայաստանի համար, անշուշտ, կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սակայն իրական խաղաղություն, գետնի վրա կարող է լինել այն ժամանակ, երբ կան փոխադարձ շահեր ու միմյանց վրա չհարձակվելու զսպող գործոններ։ Իսկ այդ գործոնները կարող են լինել անցնող կոմունիկացիաները, որոնք հետաքրքում կամ օգտագործում են նաև այլ կողմեր։ Իսկ մենք գիտենք, որ հատկապես Սյունիքով անցնող կոմունիկացիաները նաև «միջին միջանցքի» մաս են կազմում։ «Միջին միջանքը» Միջին Ասիան, Չինաստանը, Հնդկաստանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի տարածքներով կապելու է Եվրոպային։ Ահա այս երթուղին ու դրանով անցնող միջազգային բեռները կարող են լինել խաղաղության իրական երաշխավոր։ Հայաստանի համար դա ոչ միայն ռեալ, հողի վրա խաղաղության երաշիք կլինի, այլև՝ տնտեսական լրջագույն գործոն։ Այդպիսով Հայաստանը Թուրքիայի տարածքով ելք կստանա դեպի «աշխարհ»։ Այսպիսով՝ նաև կախվածությունը Ռուսաստանից ու Ռուսաստանից եկող սպառնալիքները կչեզոքանան։ Վրաստանն  էլ չի կարողանա կոնյակի մեջ խնդիրներ գտնել, Կազբեկում ձյունը խնդիրներ չի հարուցի և այլն։


Ի դեպ՝ Ռուսաստանից Պեսկովն էր արձագանքել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Նա դրական էր գնահատել հանդիպումն ու ասել, որ աջակցում են խաղաղությանը։ Վերբալ մակարդակում գոնե ՌԴ նախագահի աշխատակազմից որևէ վատ արձագանք դժվար էլ լինի։ Բայց Ռուսաստանը հասկանում է, որ դուրս է մնում գործընթացներից, ավելին՝ այն կարող է լրացվել ամերիկյան ներկայությամբ՝ թեկուզ մասնավոր ու ամերիկահայկական։ Դա է պատճառը, որ այլ խողովակներով փորձելու են և արդեն փորձում են տորպեդահարել գործընթացը։ Տեղական էմիսարները այս տարբերակով ապաշրջափակումն արդեն որակում են «միջանցքի» տրամադրում։ Անգամ այդ մասնավոր ընկերության ներկայացուցիչներին հասցրել են անվանել «ամերիացի զինյալներ»։


Մի հատվածն էլ սա փորձում է ներկայացնել «կարմիր գծերից հետնահանջ»։ Բայց, ինչպես նշեցի, այս տարբերակը դեռևս 2022-ին Հայաստանն էր առաջարկել։ Իսկ Ադրբեջանը մերժել էր այն։ Եթե դա «միջանցքի» տրամադրում է՝ ինչպես փորձում են ներկայացնել, ապա ինչու՞ էր Ադրբեջանն այդ առաջարկը մերժում։


Եվ ի վերջո պետք է հասկանալ՝ եթե Հայաստանը դուրս մնաց կոմունիկացիոն այս ծրագրերից, լավագույնը, որ տեղի կունենա Հայաստանի հետ, տարածաշրջանային հետամնաց գետտոյի հավիտենական կարգավիճակն է։ Այդպես եղավ 90-ականներին, երբ Ադրբեջանը բոլոր կունիկացիաները կառուցեց Վրաստանի տարածքով՝ ապահովելով՝ այդ թվում միջազգային բեռների անցումներ, ու դարձավ կարևոր պետություն ողջ աշխարհի համար։ Դրա համար է, որ անգամ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում Ալիևի բռնապետական դրսևորումների վրա։ Դա է պատճառը, որ Ռուսաստանի հետ Ալիևը կարող է խոսել այն լեզվով, ինչ լեզվով խոսում է վերջին օրերի ընթացքում։ Դա է պատճառը, որ աշխարհը աչք է փակում Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման վրա։ 


Հայաստանի համար ապաշրջափակումը կենսական, էկզիստենցիալ նշանակություն ունի։ Պահպանելով իր տարածքներով անցնող կոմունիկացիների վրա ինքնիշխանությունը Հայաստանը ամեն գնով պետք է մասնակիցը դառնա տարածաշրջանային ու համաշխարհային կոմունիկացիներին՝ դրանք կլինեն եկաթգծեր, ավտոմայրուղիներ,  էլեկտրական հաղորդալարեր, գազատարներ, թե այլ կոմունիկացիներ։


Ի դեպ․ ճիշտ է, որ ապաշրջափակումից ավելի շատ շահելու է Հայաստանը, քան Ադրբեջանը։ Որովհետև աշխարհի համար Ադրբեջանն այդ հարցում այլընտրանք չունի՝ ի տարբերություն Հայաստանի։ Այսինքն՝ ինչ էլ լինի, ինչպես էլ անցնեն ենթակառուցվածքները, դրանք Ադրբեջանը շրջանցել չեն կարող, իսկ Հայաստանի այլընտրանքը կա՝ Վրաստանը։ Դրա պատճառով Ադրբեջանը ձգձգում է, փորձում է սաբոտաժի ենթարկել գործընթացը, ավելին է պահանջում կամ ակնկալում։ Բայց այնտեղ էլ պետք է հաշվի առնեն, որ Ուկրաինայի հետ պատերազմով պայմանավորված Ռուսաստանը այժմ չի կարողնում միջամտել այս գործընթացներին այնպես, ինչպես նա դա կանի, եթե կամ երբ «ձեռքերն ազատի» Ուկրաինայից։ Իսկ այդ ժամանակ հարց է, թե ում ինչ բաժին կհասնի՝ ավելի շա՞տ, քան հիմա, թե՞ քիչ։ Հետևաբար Ադրբեջանում ևս պետք է շտապեն ու խելամիտ կոմպրոմիսի գան այս հարցում։ Դիտարկելով ադրբեջանական մամուլը, որը ճնշող մեծամասնությամբ արտահայտում է պաշտոնական վերաբերմունք, կարելի է ասել, որ Ադրբեջանը կոնստրուկտիվորեն է տրամադրված, կամ գոնե այդպիսի տրամադրվածություն է ցուցադրում։

 

Վովա Հակոբյան