Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։


Մասնավորապես՝


- խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող նյութերից.


- սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում.


- սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է սննդամթերքի մշակման սենյակների մեջ:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։