ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատ սիրում եմ Գյոթեի
հանրահայտ միտքն ու անընդհատ տարբեր գրառումներում մեջբերում․ «Միտքը չունի գաղտնիք,
որ վարքը երևան չբերի»։
Տաշիր գրուպի սեփականատեր
Սամվել Կարապետյանին, իհարկե, հիմար մարդ չես համարի։ Հիմար մարդը Ֆորբսի միլիարդատերերի
ցուցակում չի լինում։ Բայց որ նա անփորձ է քաղաքականության մեջ իրեն վերապահված դերը
թաքցնելու համար, այդտեղ կասկած չունեմ։
Եվ, ահա, վերլուծենք,
թե ինչ է ասել Սամվել Կարապետյանը Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնում, մինչև իր առանձնատանը ծավալված իրավապահ դրաման․ «Մի փոքրիկ խմբակ,
մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել
է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ
ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու
եկեղեցու դեմ արշավին»։
Սամվել Կարապետյանը
ՌԴ քաղաքացի է։ Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անհանգսիտ
շարժումներ անելով նրա «ձերբակալության» հեռանկարի խորապատկերին։ Եթե Ռուսաստանի քաղաքացի է, ոչ մի քաղաքական-քաղաքցիական
իրավունք չունի Հայաստանում։ Ասել է թե՝ քաղաքականությամբ
զբաղվելու, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը խառնվելու իրավունք չունի։
Անգամ որևէ իրավունք չունի միջամտելու պետություն
և նրանից տարանջատված եկեղեցի ծավալվող հակամարտությունում։ Սա, իրավական ասպեկտը։
Եթե ՀՀ իշխանությունները քինախնդիր լինեն,
միայն սա բավարար է նրան ինքնաթիռ դնելու, անցանկալի անձ հայտարարելու ու Ռուսաստան
ուղարկելու համար։ Այդպես վարվում է ցանկացած պետություն՝ երբ օտարեկրյա քաղաքացին
խառնվում է պետության ներքաղաքական կյանքին։
Գլուխը քարը, թե ինչ
է ասել իշխող կուսակցության հասցեին։ Բայց դառնանք ասված մեկ առանցքային մտքի՝ «Եթե
քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին․․․»։
Իրավական, ժողովրդավարական պետությունում, ինչպիսին իրեն հռչակել է Հայաստանը սահմանադրորեն,
իշխանության հարցը լուծվում է բացառապես քաղաքական մեթոդներով, առանց ուժի /ուժ կիրառելու
մոնոպոլ իրավունքը պետությանն է/, և որ ամենկարևորն է՝ ընտրությունների միջոցով։ Հայաստանի
Սահմանադրությունը ոչ միայն չի նախատեսել, այլ հռչակել է, որ «այլ ձևերով իշխանության
փոփոխությունը» իշխանության ուզուրպացիա է՝ ծանրագույն հանցագործություն։ Հիմա, իրավապահները
պետք է Սամվել Կարապետյանից հետաքրքվեն ոչ միայն, թե 1) այդ ո՞ր իրավունքով է ՌԴ քաղաքացին մտել այլ
պետություն-եկեղեցի հարաբերությունների դաշտ՞ /իսկ այդպիսի իրավունք, գրեցինք, չունի/,
2) որո՞նք են «իր ձևերը»․ ի վերջո, ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ օրենսդրությունը ՌԴ
քաղաքացի Սամվել Կարապետյանին չեն օժտել իրեն չվերաբերող հարցերով միջամտելու իրեն
ներհատուկ "ձև․․․" Չեմ ուզում շատերի նման հեռուն գնալ, բայց իհարկե,
1999թ․ հոկտեմբերի 27-ին ահաբեկչությամբ պետության գլխատում տեսած երկրում չես կարող
բազմանշանակ մտքի տակ ենթադրել նաև մի նոր ահաբեկչությունը երկրի ընտրված իշխանության
դեմ․․․
Այսօր, մինչ Սամվել
կարապետյանի տան խուզարկությունը հրապարակվեց նաև մի գրավոր հանձնարարական, որը մայիսի
21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջեցրել է կառավարության անդամներին ու ՊՎԾ-ին ՀԷՑ-ի
գործունեության ստուգում իրականացնելու վերաբերյալ։ Իհարկե, Հայաստանի քաղաքացին այլևս չի զարմանում,
որ քրեական հոդվածներից, հանցանքների ու զանցանքների մեղադրանքներից պաշտպանության
հանրահայտ և ամենակարճ ճանապարհը դա միանգամից «քաղաքական գործունեություն» ծավալելն
է, մանավանդ ազգային թեմաներով՝ Եկեղեցի, ազգային արժեքներ, ընտանիք, հայրենիք, Արցախ․․․
Իհարկե, Սամվել Կարապետյանն էլ կարող էր կանխավ իմանալ ՀԷՑ-ում հնարավոր ստուգումների
դեպքում իր հնարավոր խնդիրների մասին, դրա համար էր շտապել էր Մայր Աթոռ Գարեգին Բ-ին
աջակցություն հայտնելու ու հենց Վեհարանի բակում հարցը քաղաքականացնելու․․․
Բայց սա մի փոքր դետալն
է, որը կարող է լավագույն դեպքում նրա անձնական դրդապատճառներից մեկը բացահայտել։ Այստեղ
կա նաև Մարիա Զախարովան ու նույն օրը Գուգարաց թեմի հոգևորականի հայտարարությունը․․․․
Իսկ վերջին հայտարարությամբ մատնել են, որ նույնիսկ դեմ են Թուրքիա վարչապետի ակնկալվող այցից ու հայտարարությունն ավարտվել են
ռուսական հայտնի նառատիվներով՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնեց, եկեղեցիներն ու մշակույթի
հուշարձանները հանձնեց, 5000 /այս թիվը Պուտինն է շրջանառության մեջ դրել/ հայ տղաներին
հողին հանձնեց, տեսնես հիմա ինչ կհանձնի․․․
Եվ ահա, կարծես թե
ականատես ենք լինում Հայաստանի արցախիզացման հերթական փորձին, ինչպես որ արվեց
2022թ․ հոկտեմբերին Պրահայի հանդիպման օրը, երբ հայտարվեց, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ
քաղաքացի չէ․ այն ժամանակ Ռուսաստանը չէր ասում, որ Հայաստանը Պրահա չպետք է գնա, բայց
2 ամիս առաջ օգոստոսին Մարիա Զախարովան արդեն իսկ մեղադրել էր Արևմուտքին տարածաշրջանը
ապակայունացնելու մեջ, Ռուսաստանի միջնորդական նախաձեռնության դափնիները Ռուսաստանից
խլելու մտադրության մեջ ու ատամները կրճատացնում էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությանյանը
չի հակադրվում Երևանի որդեգրած կուրսին․․․ Տարեվերջին Ռուբեն Վարդանյանն արդեն լիարժեք
դերի մեջ մտավ՝ Արցախի շրջափակման համատեքստում ստանալոց լայն լիազորություններով պետքարտուղարի
պաշտոնը․․․ Մնացածը գիտեք, թե ինչ եղավ․․․
Սամվել Կարապետյանը
կամ ինքնակամ կամ պարտադրված մտել է խաղի մեջ՝ Հայաստանում տապալելու համար իշխանությանը,
անգամ այն դեպքում, եթե «քաղաքական գործիչներին չհաջողվի դա անել․․․»Ու սպառնացել է,
որ դա կանեն «իրենց ձևով»․․․
Հայաստանում հասարակական
զգոնությունը պետք է լինի առավելագույնի վրա․ ակնհայտ է, որ նա եկեղեցու թեմայով փորձում
է իշխանության «օպոնենտ» ճանաչվել՝ դրանից
բխող քայլեր ձեռնարկելու կամ հովանավորելու հնարավորություններով․․․ Այնպես որ՝ այն,
ինչին ականատես ենք լինում, ավելին է, քան Գարեգին Բ-ին կամ Եկեղեցուն պաշտպանելու
պատմությունը․․․․
Եվ Սամվել Կարապետյանը
իր մի քանի նախադասությունով «կրակոցում» մատնել
է ամեն ինչ։ Իսկ մատնել է հետևյալ նախադասությամբ՝ "Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու
կողքին ու հայ ժողովրդի կողքին։" Նա երբեք չի եղել հայ ժողովրդի կողքին ու ինքն
էլ դա լավ գիտի։ Որովհետև առաջին բանը, որ շարքային հայի մտքով անցնում է, հետևյալն
է՝ "իսկ ի՞նչ արեցիր, ինչպե՞ս քո միլիարդների կարողությունները, քաղաքական կապերը
ծառայեցվեցին հենց նույն Ռուսաստանում Արցախի ու հայ ժողովրդի կողքը լինելու ու այդ
երկրի աջակցությունը ապահեվոլւ համար․․․․" Ոչ մի բան։ Ոչ մի փաստ չկա։ Ավելին՝
բոլորով լծված էին ռուսական / Լավրովի պլանը զոհերով, տարածքային կորուստներով, իշխանափոխության
ու իշխանազավթման գործընթացներով պարտադրելու համար․․․
Հետևաբար, հասկանանք,
թե ինչու է Հայաստան ներմուծվել Ռուբեն Վարդանյան 2-ը։
Ի դեպ, իշխանությունը
պարտավոր է գործել բացառապես օրենքի շրջանակներում, ինչպես նաև բարձրացնել երկրի գերագույն
ղեկավարության անվտանգության ապահովության մակարդակը։
Խնդիր է դրված կանխել
Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացումը, ետ շրջել արտաքին քաղաքականության վեկտորը,
ու այժմ գործ ունենք ռուսահայ գործարար համայնք- եկեղեցականներ վտանգավոր տանդեմի հետ։
Այստեղ պետութունը,
ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը չպետք է պարտվեն։