Տերյան-Պուշկին խաչմերուկում մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը շրջվել է

Մայիսի 24-ին` ժամը 06:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Infiniti և Kia մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։


Փրկարարները հոսանքազրկել են Infiniti մակնիշի ավտոմեքենան և Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Infiniti մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։