Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակներում այցելել է մարզի դպրոցներ:


Մարզպետը սոցցանցի իր էջում գրում է.


«Այս տոնական օրվա առիթով Շիրակի մարզի մի քանի դպրոցներում էի, տեսա լուսավոր ու ապագային հավատացող պատանիներ, տեսա մեծ դասարններ, ու եղա մեկ շրջանավարտով դպրոցում:



Ուզում եմ նորից շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին: Սովորական ու հերթական խոսքեր չեն, իրոք, հենց այսօր է սկսվում մի նոր կյանք ու դրվում է ապագայի կարևոր հիմք:


Դպրոցական գիտելիքները ձեզ հետ` հիմա պիտի ճանապարհ ընկնեք դեպի նոր որոնումներն ու թեկուզ`դժվարությունները:



Դպրոցն ավարտելը, ուսանողական կյանք սկսելը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը ձեր կյանքի առանցքային փուլերից են, այստեղ է սկսվում պատասխանատվությունն ձեր և հայրենիքի նկատմամբ: Այսօր ու այստեղ եք որոշում`ինչպիսի քաղաքացի լինել:


Եվ ուրեմն, համոզված եմ ու մաղթում եմ, որ գնահատեք այս արժեքավոր ժամանակը`ամրապնդելու ձեր գիտելիքները, մասնագիտանալու, հմտանալու, ուժեղանալու, կարճ ասած` լավ ապագա կառուցելու համար:



Ուզում եմ, որ հասնեք ձեր երազանքներին, կայանաք ու կարևորը` մնաք ձեր հայրենիքում:


Շնորհավոր Վերջին Զանգ»: