Բայդենի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի քաղցկեղ. Թրամփը արագ ապաքինում է մաղթել

ԱՄՆ նախկին նախագահ, 82-ամյա Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է «շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև», հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Բայդենի մամուլի քարտուղարին։


Թերթի տվյալներով՝ ախտորոշումը դրվել է ուրբաթ՝ մայիսի 16-ին, այն բանից հետո, երբ բժիշկները Բայդենին զննել են միզուղիների հետ կապված խնդիրների համար և նրա շագանակագեղձի վրա հայտնաբերել են «փոքրիկ հանգույց», որը պահանջում է «լրացուցիչ հետազոտություն»։ NBC News-ը հավելում է, որ Բայդենի մոտ հայտնաբերված քաղցկեղը բնութագրվում է ոսկորներում մետաստազներով։  


«Չնայած սա իրենից ներկայացնում է հիվանդության ավելի ագրեսիվ ձև, քաղցկեղը, ինչպես երևում է, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել»,- ասվում է մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը և նախկին նախագահի ընտանիքը բժիշկների հետ ուսումնասիրում են բուժման տարբերակները։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արագ ապաքինում է մաղթել նախկին նախագահին: Նա Truth Social սոցցանցում գրել է. «Մելանյան և ես վշտացած ենք Ջո Բայդենի բժշկական ախտորոշմամբ։ Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին (նախկին նախագահի կնոջը) և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ և բարեհաջող ապաքինում»։