«Ռուսաստանը հավանաբար մասնակից է». Ուկրաինայի հետախուզությունը՝ թուրքական նավահանգստի պայթյունի մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ անհրաժեշտ է հետաքննել օգոստոսի 7-ին թուրքական նավահանգստում տեղի ունեցած պայթյունին Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։

«Իհարկե, անհրաժեշտ է ստուգել ամբողջ տեղեկատվությունը։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է ուսումնասիրել և հետաքննել... այս իրադարձություններին Ռուսաստանի մասնակցությունը։ Իրավիճակը շատ տարօրինակ է թվում՝ էլևատորի պայթյունը Թուրքիայում (Պուտինի) այս պետություն հնարավոր այցի նախօրեին, որտեղ նախատեսվում է քննարկել հացահատիկի միջանցքի հարցը»,- ասել է նա։ 

Յուսովը հիշեցրել է, որ թուրքական իշխանությունները ակտիվորեն հանդես են գալիս հացահատիկի նախաձեռնության շարունակման օգտին. «Եվ այստեղ նման իրադարձություն է տեղի ունենում։ Դե... Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»,- հավելել է հետախուզության աշխատակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արևմուտքում գտնվող Դերինջե նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Տեղական իշխանությունների պնդմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել է ցորենի պահեստավորման համար նախատեսված 16 էլևատորներից 13-ը։