Կրեմլը «ռազմական թղթակիցներին» ստիպում է լռել և չլուսաբանել Ղրիմի ուղղությամբ հարվածները. ISW
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) կարծում է, որ Կրեմլն արգելել է լրագրողներին և ազդեցիկ «ռազմական թղթակիցներին» լուսաբանել Ղրիմին հասցվող հարվածները։ Սա կարող է խուճապ տարածել և էլ ավելի վնասել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հեղինակությանը։

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի կարծիքով՝ այս մասին է վկայում այն փաստը, որ որոշ «ռազմական բլոգերներ» քննադատել են այլ «ռազմական թղթակիցների», ովքեր հրապարակել են Սևաստոպոլի մերձակայքում և Ղրիմի Չոնգար կամրջի հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների լուսանկարները:

ISW-ն ենթադրում է, որ այդ «ռազմական թղթակիցները» կատարել են Կրեմլի պատվերը՝ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը արհեստականորեն սահմանափակելու վերաբերյալ։ Իսկ ինքը՝ Ղրիմը, ասվում է զեկույցում, ռուսական տեղեկատվական տարածքում վերածվել է լարվածության կետի, քանի որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարող են կասկածներ ծնել առ այն, որ ռուսական բանակն ի վիճակի է պաշտպանել այն տարածքները, որոնք իրենն է համարում։

Ղրիմի վրա վերջին հարվածներին ռուս «ռազմական թղթակիցների» զուսպ արձագանքը կտրուկ հակասում է անօդաչուներով Մոսկվային ուղղված վերջին հարվածների նրանց արձագանքին, գրում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները։ Դա ևս մեկ անգամ հաստատում է ISW-ի նախնական գնահատականը, որ թերակղզու իրադարձությունների լուսաբանումը զգալի լարվածություն է ստեղծել ռուսական տեղեկատվական տարածքում։

Թերևս դա պայմանավորված է նաև նրանով, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում հերթական անգամ աննախանձելի լույսի ներքո ներկայացնել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, որը պատասխանատու է Ղրիմի պաշտպանության համար։