CNN-ը ցուցադրել է Պուտինի կողմից Թրամփին նվիրված դիմանկարը

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է դիմանկարը, որը Վլադիմիր Պուտինը մարտին նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. նկարի հեղինակը ժողովրդական նկարիչ Նիկաս Սաֆրոնովն է:


Նկարը ՌԴ-ից բերել էր Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, որի բառերով՝ այն «ռուս առաջատար նկարչի վրձնի գեղեցիկ դիմանկար» է:


Նկարում ԱՄՆ նախագահը պատկերված է բռունցքը վեր բարձրացրած և դեմքին արյան հետքեր՝ որպես 2024 թվականի հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական ելույթի ժամանակ նրա դեմ մահափորձի հիշեցում։ Թրամփի թիկունքին ծածանվում է ամերիկյան դրոշը, իսկ նկարի ֆոնին երևում է Ազատության արձանը և Նյու Յորքի Մանհեթեն թաղամասը:


«Ինձ համար կարևոր էր պատկերել մահափորձի պահին նրա խիզախությունը։ Նա ո՛չ կոտրվեց, ո՛չ էլ վախեցավ, այլ բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց, որ ինքը Ամերիկայի հետ միասնական է և կվերադարձնի երկրին այն, ինչին արժանի է ԱՄՆ-ն», - իր աշխատանքը հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել նկարիչը։


Սաֆրոնովի խոսքով՝ դիմանկարի պատվերն ստանալուց հետո անմիջապես հասկացել է, որ այդ աշխատանքը կարող է օգնել երկու երկրների մերձեցմանը, ուստի իր աշխատանքի համար փող չի ուզել: