Զախարովան «Մոսկվա-Սիթի»-ի վրա գրոհները համեմատել է 9/11-ի հետ, Կրեմլը, սակայն, նմանություն չի տեսնում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live»-ի եթերում «Մոսկվա-Սիթի»-ի վրա հարձակումները համեմատել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ, որոնց հետևանքով զոհվել էր գրեթե երեք հազար մարդ։
Զախարովայի խոսքով՝ «Մոսկվա-Սիթի»-ի վրա անօդաչուների հարձակումները «մեթոդաբանորեն» համընկնում են «տարբեր մասշտաբների համաշխարհային ահաբեկչությունների հետ»։
«Եկեք դիտարկենք մեկ այլ օրինակ՝ սեպտեմբերի 11, զույգ աշտարակները։ Հսկայական թվով զոհեր, բայց մեթոդաբանությունը նույնն է. «Մոսկվա-Սիթի»-ն քաղաքացիական օբյեկտ է, որտեղ տեղակայված են ոչ միայն գրասենյակներ, այլև բնակելի տարածքներ, ինչպես նաև քաղաքացիական բլոկի վարչական շենքեր, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական բլոկի հետ: Նույն պատկերն է, այն կարծես կրկնվում է»,- ասել է Զախարովան։
Իր հերթին, սակայն, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը նմանություն չի տեսնում «Մոսկվա-Սիթի»-ին ուկրաինական անօդաչուի հարվածների և սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների միջև։
Պեսկովը պատասխանել է նաև Մոսկվայում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին հարցին։ «Իսկապես, վտանգ կա, դա ակնհայտ է, և միջոցները ձեռնարկվում են»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Առաջին հարձակումից հետո Պեսկովն ասել էր, որ չի ծրագրվում բարձրացնել Մոսկվայում և Մերձմոսկայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, քանի որ «անվտանգության միջոցներն առանց այն էլ ուժեղացվել են»։