«Դիվանագիտությանը հնարավորություն ենք տալիս». Իրանի ԱԳՆ-ն՝ վաղը ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցությունների մասին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը իրական հնարավորություն է տալիս դիվանագիտությանը, չնայած Վաշինգտոնի ագրեսիվ հռետորաբանությանը։ Նա այս մասին գրել է X-ում:


«Մենք ամբողջ լրջությամբ և որոշակի զգուշությամբ դիվանագիտությանը տալիս ենք հնարավորություն։ ԱՄՆ-ն պետք է գնահատի այս որոշումը, որը կայացվել է նրանց մշտական ագրեսիվ հռետորաբանության ֆոնին»,- նշել է Բաղաին։


Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է գնահատել ամերիկյան կողմի վարքագիծն ու դիրքորոշումը շաբաթ օրվա հանդիպման ժամանակ և միայն դրանից հետո տալ պատասխան։


Իրանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 12-ին, Օմանում։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Աբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։