ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ ապրիլի 12-ին, Օմանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու մասին։


«Մենք ուղիղ բանակցություններ ունենք Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են: Դրանք տեղի կունենան շաբաթ օրը: Մենք մեծ հանդիպում կունենանք և կտեսնենք, թե ինչ կարող է լինել», - ասել է Թրամփը Սպիտակ տան Օվալաձև կաբինետում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:


Թրամփի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները «կանցկացվեն շատ բարձր մակարդակով», սակայն այլ մանրամասներ նա չի հայտնել։ «Կարծում եմ՝ բոլորն էլ համաձայն են, որ գործարքը ավելի նախընտրելի է, քան ակնհայտը»,- հավելել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ «եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն», Իրանի համար «կսկսվի շատ վատ օր»։


Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բանակցությունները կանցկացնեն Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը՝ Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդիի միջնորդությամբ, հայտնում է Reuters-ը։


Ինքը՝ Արաղչին, Թրամփի ելույթից հետո պարզաբանել է, որ «Իրանն ու ԱՄՆ-ը շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, կհանդիպեն Օմանում՝ բարձր մակարդակով անուղղակի բանակցությունների համար»։