«Վհուկների որս». Թրամփը՝ Մարին Լը Պենի դատավճռի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռը որակել է որպես քաղաքական հետապնդման աղաղակող դեպք՝ այն համեմատելով վհուկների որսի հետ, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։ Նա իր կարծիքն է հայտնել Truth Social հարթակի հրապարակման մեջ։


«Վհուկների որս ընդդեմ Մարին Լը Պենի. ևս մեկ օրինակ այն բանի, թե ինչպես են եվրոպական ձախերը օրենքն օգտագործում որպես զենք, որպեսզի լռեցնեն ազատ խոսքը և գրաքննության ենթարկեն իրենց քաղաքական հակառակորդին, ընդ որում, այս անգամ բանը հասել է ընդդիմախոսին բանտարկելուն»,- ասել է նա: Թրամփը հավելել է, որ ինքը նախկինում բախվել է քաղաքական հաշվեհարդարի այդպիսի փորձերի։


«Ես անձամբ չեմ ճանաչում Մարին Լը Պենին, բայց հարգում եմ նրա ամրությունն ու համառությունը, որով նա տարիներ շարունակ պաշտպանել է իր համոզմունքները: Նա անհաջողություններ ունեցել է, բայց չի հանձնվել, և այժմ, հնարավոր հաղթանակի շեմին, փորձում են կանգնեցնել նրան՝ օգտագործելով խղճուկ մեղադրանք, որի մասին նա, ամենայն հավանականությամբ, չի էլ կասկածել. ինչ-որ սխալների պես մի բան ֆինանսական փաստաթղթերում»,- նշել է ԱՄՆ նախագահը:


Թրամփը հավելել է, որ դա Ֆրանսիայի և նրա հրաշալի ժողովրդի ամոթն է, անկախ նրանից՝ նրանք պաշտպանում են Լը Պենին, թե ոչ։ «Ազատություն Մարին Լը Պենին»,- եզրափակել է նա։


Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը Լը Պենին դատապարտել է 4 տարվա ազատազրկման Եվրախորհրդարանի միջոցները մսխելու համար: