«Չեմ ուզում՝ Իրանն իրեն խոցելի զգա. Այժմ ուզում են ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն այժմ ուզում է Վաշինգտոնի հետ երկխոսություն վարել ոչ թե միջնորդների, այլ ուղիղ բանակցությունների միջոցով։


Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Թրամփն այս մասին հայտնել է երեկ լրագրողների հետ զրույցում՝ Վաշինգտոնից Մայամի (Ֆլորիդա նահանգ) մեկնելիս։


«Կարծում եմ՝ ավելի լավ կլինի, եթե մենք ուղիղ բանակցություններ ունենանք,- ասել է Թրամփը։- Կարծում եմ՝ դա ավելի արագ կլինի, և դուք շատ ավելի լավ կհասկանաք մյուս կողմին, քան միջնորդների միջոցով գործելու դեպքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Այնուհետև Թրամփը հավելել է. «Նրանք (իրանցիները) ցանկանում էին օգտագործել միջնորդների: Չեմ կարծում, որ դա հիմա պարտադիր է: Կարծում եմ, որ նրանք անհանգստացած են: Կարծում եմ՝ նրանք իրենց խոցելի են զգում, և ես չեմ ուզում, որ նրանք այդպես զգան: Ենթադրում եմ, որ նրանք ուզում են հանդիպել»:


Հարցին՝ Իրանի իշխանություններից նոր ուղերձ ստացե՞լ է, Սպիտակ տան ղեկավարը ուղիղ պատասխան չի տվել:  «Կարծում եմ՝ նրանք կցանկանային ուղիղ բանակցություններ վարել։ Մոռացեք նամակների մասին: Կարծում եմ՝ ուզում են ուղիղ խոսել»:


Հիշեցնենք, որ Թեհրանը մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անցկացումը, բայց հնարավոր է համարել բանակցությունների շարունակությունը միջնորդների միջոցով: