ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել առևտրային դեֆիցիտի պատճառով, որը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։
«ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը անսովոր և արտասովոր վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու տնտեսությանը: Այս սպառնալիքի աղբյուրը ամբողջությամբ կամ զգալի չափով Միացյալ Նահանգների սահմաններից դուրս է, հիմնական առևտրային գործընկերների ներքին տնտեսական քաղաքականության և համաշխարհային առևտրային համակարգի կառուցվածքային անհավասարակշռության մեջ»,- ասել է նա:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և աշխարհի երկրների միջև երկկողմ առևտրային
հարաբերություններում «բացակայում է փոխադարձության» սկզբունքը: Նա անհամեմատելի է
անվանել «տարիֆային դրույքաչափերը և ոչ տարիֆային արգելքները, ինչպես նաև ԱՄՆ
առևտրային գործընկերների տնտեսական քաղաքականությունը», որոնք, ըստ ԱՄՆ նախագահի,
«ճնշում են ներքին աշխատավարձը և սպառումը»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ «չնայած փոխադարձության մեր հանձնառությանը, Միացյալ
Նահանգների և նրա առևտրային գործընկերների միջև առևտրային հարաբերությունները չափազանց
չհավասարակշռված են դարձել, հատկապես վերջին տարիներին»:
CNN-ը նշում է, որ արտակարգ դրության
հայտարարումը Թրամփին ավելի մեծ լիազորություններ է տալիս մաքսատուրքերի նկատմամբ։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է տասնյակ երկրների համար 10-ից 50%
«հայելային» մաքսատուրքերի մասին՝ այն անվանելով «տնտեսական անկախության
հռչակում»։ Միջոցառումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, իսկ մինչ այդ՝ ապրիլի
5-ից, այլ երկրների նկատմամբ կսկսի գործել բազային 10 տոկոս մաքսատուրքը։