«Դուք միակն եք, ով կարող է Բաքվից փրկել քրիստոնյա պատանդներին». Նամակ՝ Թրամփին

Ամերիկացի քրիստոնյաների առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել Բաքվից ազատել 24 քրիստոնյա պատանդներին, հայտնում է Christian Newswire-ը։


 Խոսքը 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի մասին է։ Նրանց թվում է Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ նրա հացադուլը շարունակվում է արդեն 21 օր, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարանում է։


 Իրենց դիմումում փաստաթղթի հեղինակները հղում են անում խոշտանգումների և շարունակվող չարագործությունների մասին արժանահավատ հաղորդումների վրա՝ պնդելով, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի լուծելու այդ իրավիճակը:


Նամակում քրիստոնյա առաջնորդները գրել են. «Մենք կարծում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը ավելի քան 120.000 հայ քրիստոնյաների էթնիկ զտումներ է իրականացրել, այն դեպքում, երբ Բայդենի վարչակազմը հրաժարվել է միջոցներ ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր 23 հայ քրիստոնյա պատանդներ և մեկ ադրբեջանցի նորադարձ քրիստոնյա ենթարկվել են խոշտանգումների: Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլ է տրվել ստուգել նրանց վիճակը, հրամայվել է լքել երկիրը»։


Նամակի հեղինակները ԱՄՆ նախագահին հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին «Truth Social»-ում իր գրառումը, որում Թրամփը մեղադրել է Քամալա Հարիսին «ոչինչ չանելու համար, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ Արցախում ենթարկվել են սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման»։


«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ բռնությանը և էթնիկ զտումներին վերջ տալու ուղղությամբ, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը այն ժամանակ։