Ռուսաստանում 2024 թ. հունվարի 1-ից բանակ կզորակոչվեն 18-ից 30 տարեկանները. Պետդուման փոփոխությունները կընդունի այսօր
ՌԴ Պետդումայի օրենսդրական գործունեության բազայում հրապարակվել են զորակոչային տարիքի բարձրացման մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ առաջարկվող փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից այն կլինի 18-ից 30 տարեկան։ Ընդ որում, անցումային շրջան չկա։

Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել էր, որ զորակոչային տարիքի ստորին շեմը կմնա նախկինը, և կբարձրացվի միայն վերին շեմը։ Նախօրեին նա նաև հայտարարել էր, որ հուլիսի 25-ին Պետդուման նախատեսում է այդ փոփոխությունները քննարկել անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ 

Այսօր առավոտյան «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում Կարտապոլովը նոր փոփոխությունները հիմնավորել է այսպես. «Օրենքի նախագծում խմբագրումը փոխվել է կապված այն բանի հետ, որ ժողովրդագրական իրավիճակը լուրջ է, այն ազդում է մոբիլիզացիոն ռեսուրսի ծավալի վրա, ուստի մեզ անհրաժեշտ է նման խմբագրումը»։