Մոսկվան այսօր առավոտյան ենթարկվել է երկու ԱԹՍ-ների հարձակման. մեկն ընկել է բիզնես կենտրոնի վրա, մյուսը՝ ՊՆ շենքից ոչ հեռու
Մոսկվան այսօր՝  հուլիսի 24-ի առավոտյան, գրոհել են երկու ԱԹՍ-ներ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր՝ առավոտյան ժամը մոտավորապես չորսին, արձանագրվել է երկու անօդաչուների հարվածներ երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ տուժածներ չկան»,- գրել է նա Telegram-ում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «որսացել» է ուկրաինական երկու անօդաչու։ «Հուլիսի 24-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի՝ Մոսկվա քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների վրա երկու  ԱԹՍ-ներով ահաբեկչություն իրականացնելու փորձը։ Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ուկրաինական ԱԹՍ-ները կործանման են ենթարկվել»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

ՏԱՍՍ-ի տվյալներով՝ առաջին անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայի թիվ 17 շենքի մոտ։ Սա Ֆրունզենսկայա ափին գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու է։ Bellingcat-ի հետաքննող Խրիստո Գրոզևը նշել է, որ անօդաչուի բեկորների անկման վայրի մոտ գտնվում է Ռազմական համալսարանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության մի քանի գաղտնի օբյեկտներ, մասնավորապես՝ «Գլխավոր հետախուզական վարչության կիբերհարձակումների շտաբը»։

Երկրորդ դրոնն ընկել է Լիխաչովի պողոտայում կառուցվող բիզնես կենտրոնի վրա: Արդյունքում կոտրվել են 17-րդ և 18-րդ հարկերի ապակիները՝ 50 քմ մակերեսով տարածքում։ Նույն շենքում է գտնվում «Լերուա Մերլեն» խանութը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Մոսկվայի քաղաքապետարանից հայտնել են, որ Կոմսոմոլսկի և Լիխաչովի պողոտաներով երթևեկությունը փակվել է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ի լրագրողների հետ զրույցում անօդաչուներով Մոսկվայի ուղղությամբ հարվածն անվանել է «միջազգային ահաբեկչության ակտ»։