Ռուսական զորքերը նավից հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզի հացահատիկի պահեստներին
ՌԴ զորքերը հուլիսի լույս 21-ի գիշերը հրթիռներով հարվածել են Օդեսայի մարզի գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի հացահատիկի տերմինալները, հայտնել է  Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը։ Նրա խոսքով՝ «Կալիբր» հրթիռները արձակվել են Սև ծովում գտնվող նավից։

«Կալիբր»-ներով գյուղատնտեսական ձեռնարկության հրթիռակոծության մասին հայտարարել է նաև Օդեսայի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Ոչնչացվել է 100 տոննա ոլոռ և 20 տոննա գարի, պայթյունի ժամանակ փշրված ապակու բեկորներից վիրավորվել է երկու մարդ, գրել է Կիպերը Telegram-ում։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հուլիսի 21-ի առավոտյան հայտարարել է «Սև ծովում զորավարժությունների անցկացման մասին՝ նավարկության համար ժամանակավորապես փակ տարածքը մեկուսացնելու համար»։ Դրա շրջանակներում, ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, «իրականացվել են հականավային թևավոր հրթիռների գործնական արձակումներ»։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։