Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Պուտինի կալանավորումը հավասարազոր կլինի պատերազմի հայտարարման. ՀԱՀ նախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանը հասկացրել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր կալանավորումը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ժամանելու դեպքում հավասարազոր կլինի պատերազմի հայտարարման: Այս մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան դատարանում իր գրավոր ցուցմունքում, որը մեջբերում է Independent Online տեղական պարբերականը։
Նախագահը ցուցմունք է տվել ընդդիմադիր «Ժողովրդավարական դաշինք» կուսակցության հայցի առնչությամբ, որը դատարանից պահանջել է երկրի կառավարությանը պարտավորեցնել կատարել Պուտինի կալանավորման օրդերը։
Իր ցուցմունքում Ռամաֆոսան խոստովանել է, որ Հարավային Աֆրիկան «ակնհայտ խնդիրներ» կունենա ՌԴ նախագահին ձերբակալելու դեպքում։ «Մեր Սահմանադրության հետ անհամատեղելի կլինի Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ռիսկի դիմելը: Ես սահմանադրական պարտավորություններ ունեմ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, հանրապետության խաղաղությունն ու անվտանգությունը»,- պարզաբանել է նա իր դիրքորոշումը։
Ռամաֆոսան նաև հայտարարել է, որ խորհրդակցություններ է նախաձեռնել Միջազգային քրեական դատարանի հետ: