Պայթյուն ՌԴ ուրանի հարստացման գործարանում. կան տուժածներ և մեկ զոհ
Հուլիսի 14-ի առավոտյան Ուրալի էլեկտրաքիմիական կոմբինատի արտադրամասերից մեկում (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում) տեղի է ունեցել 1 խորանարդ մետր ծավալով ուրանի հեքսաֆտորիդի բալոնի ապահերմետիկացում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ձեռնարկության մամուլի ծառայությանը։

«Իրավիճակը կրում է լոկալ բնույթ և սահմանափակվում է արտադրամասի տարածքով։ Արտադրամասի անձնակազմը տարհանվել է, կատարվում է սանմաքրում։ Ձեռնարկությունում և դրանից դուրս ռադիացիոն իրավիճակը նորմալ է: Նովուրալսկի բնակիչներին և կոմբինատի անձնակազմին վտանգ չի սպառնում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Միջադեպի պատճառները պարզվում են, գործարանն աշխատում է բնականոն հունով, նշել են մամուլի ծառայությունից։ 

Ավելի ուշ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ գործարանի աշխատակիցը մահացել է մեխանիկական վնասվածքի պատճառով, որը ստացել է ապահերմետիկացման հետևանքով: «112»-ը գրում է, որ ձեռնարկության 65-ամյա աշխատակիցը կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք է ստացել: