Մոսկվայում Լեհաստանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ ծանուցելով Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալության փակման մասին
Մոսկվայում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին այսօր կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան տեղեկացրել են Սմոլենսկում Լեհաստանի հյուպատոսական գործակալության փակման մասին։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն դեսպանին հայտնել է նաև, որ 2011 թվականին Ռուսաստանը անկեղծ պատրաստակամություն է դրսևորել ընդառաջելու լեհական կողմի խնդրանքներին և «որպես բարի կամքի ժեստ՝ ապահովել է վերոհիշյալ հյուպատոսական գործակալության բացումը տարածաշրջանում, որտեղ տեղակայված են լեհական կողմի համար  նշանակալի հուշարձանային օբյեկտներ»։ «Միևնույն ժամանակ Ռուսաստանը համաձայնել է փոխել պարիտետը հօգուտ Լեհաստանի՝ երկու երկրների հյուպատոսական հաստատությունների քանակի առումով»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, Մոսկվան կպատասխանի Վարշավայի բոլոր թշնամական գործողություններին։ «Կրաևսկուն նաև ասվել է, որ Վարշավայի ագրեսիվ գիծը մեր երկրի նկատմամբ, որը դուրս է եկել բոլոր քաղաքակիրթ սահմաններից, ներառյալ սադրիչ արարքները Լեհաստանում հավատարմագրված ռուս դիվանագետների դեմ, ռուսական դիվանագիտական անշարժ գույքի առգրավումը և Ռուսաստանի դեսպանատան միջոցների հափշտակումը ստիպում են մեզ իրականացնել համալիր պատասխան միջոցներ: Լեհաստանի իշխանությունների ոչ մի թշնամական քայլ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ, անպատասխան չի մնա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ 

«Լեհաստանում տիրող սանձարձակ ռուսաֆոբիայի մթնոլորտը, որը ձեռք է բերում պաթոլոգիական գծեր, բացառում է մեր կողմից որևէ «բարի կամքի ժեստ»»,- եզրակացրել է դիվանագիտական գերատեսչությունը։