Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների մտահոգություններին

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» թաղամասի բնակիչների մտահոգություններին:


 

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։


 

Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։


 

Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։


 

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,- գրել է Կոստանյանը։