ԱՄՆ կոնգրեսականները Ռուբիոյին հորդորել են շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Վաշինգտոնին հորդորել շարունակել զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը:


 

«Դա դուռ է բացում երկկողմ ավելի սերտ կապերի, տնտեսական ներդրումների, ժողովուրդների միջև կապերի խորացման համար»,- ասված է նամակում։


 

Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանը բախվում է աշխարհագրական և քաղաքական բազմաթիվ խնդիրների, քանի որ չունի ելք դեպի ծով, շրջափակված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ինչը զսպում է Հայաստանի տնտեսական ներուժը:


 

«Միացյալ Նահանգները բացառիկ հնարավորություն ունի ազդելու տարածաշրջանի ապագայի վրա՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և տնտեսական ճկունությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին համահունչ: Ներդրումները հնարավորություն կտան Հայաստանին դիվերսիֆիկացնել էներգարտադրությունը, նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ և առևտրային կախվածությունը»,- նշված է փաստաթղթում:


 

Կոնգրեսականները պետքարտուղարությանը հորդորել են արագացնել բանակցությունները խաղաղ ատոմի ոլորտում գործակցության շուրջ, զարգացնել պաշտպանական, արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ոլորտներում հարաբերությունները:


 

«Կոչ ենք անում Պետքարտուղարությանը՝ դիտարկել Հայաստանի կառավարության խնդրանքը՝ պաշտպանական տեխնիկա տրամադրել, կադրային վերապատրաստումներ իրականացնել՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Դա կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զորքերից բխող մշտական սպառնալիքները և Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը»,- ասված է նամակում: 


 

Ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել Վաշինգտոնին՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում կատարած ռազմական հանցագործությունների և էթնիկ զտման համար:


 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արդար խաղաղությունը պահանջում է խիստ հաշվետվողականություն և պետք է ներառի հայերի անվտանգ ու ապահով վերադարձի երաշխիքներ իրենց նախնիների հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ: Ուստի կոչ ենք անում Պետքարտուղարությանն ակտիվորեն ներգրավված մնալ խաղաղության գործընթացին»,- նշել են կոնգրեսականները:


 

Նամակում նշվում է, որ վերջնական համաձայնագիրը պետք է նախատեսի նաև Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր գերիների և պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակումը:


Թարգմանությունը` 1lurer