Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ նախարարության կողմից տարվող օպերատիվ և արդյունավետ աշխատանքը։


Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները։


Անդրադառնալով նախարարությունում տեղի ունեցող բարեփոխումներին՝ նախարարը առանձնացրել է Ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի և քաղհասարակության համագործակցված աշխատանքի արդյունքում «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ընդունվել է ամբողջությամբ։


Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում զանգերի կենտրոնի ստեղծման ու արդիականացման հարցերին, ինչը հանրությանը բարձրակարգ և քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու նպատակ ունի։


Քննարկվել են ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների, քննիչների ու բժիշկների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ շրջանակում կարևորվել է գործառույթների պատշաճ իրականացման, ինչպես նաև ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում վերապատրաստումների անհրաժեշտությունը։


Հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի և օրակարգային այլ հարցեր։