Պուտինն ու Պրիգոժինը հանդիպել են ապստամբությունից հետո. արևմտյան հետախուզություն
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին զինված ապստամբությունից հետո կանչել են Կրեմլ, որտեղ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Libération-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության աղբյուրներին։ 

Նրանց տվյալներով՝ Պրիգոժինը դրա համար Մոսկվա է ժամանել հուլիսի 1-ին, իսկ հանդիպումներին նրա հետ ներկա են եղել նաև «Վագներ»-ի հրամանատարները։ Բացի Պուտինից, Պրիգոժինը բանակցություններ է վարել Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Բանակցությունների մանրամասները աղբյուրները չեն հայտնել։

Այն մասին, որ Պրիգոժինը գտնվում է Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում, անցյալ շաբաթվա վերջին հայտնել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Սակայն, Պրիգոժինի և Կրեմլի միջև կայացած գործարքի համաձայն, որից հետո նա դադարեցրեց երթը դեպի Մոսկվա, «Վագներ»-ի ղեկավարն իր վարձկանների հետ միասին պետք է լինի Բելառուսում։

Հունիսի 24-ին ռուսներին ուղղված հեռուստաուղերձում Պուտինը մեղադրեց «Վագներ»-ի ղեկավարին դավաճանության մեջ և նրա գործողությունները համեմատեց 1917 թվականին ցարական ռեժիմին հասցված «մեջքից հարվածի» հետ: