ԵՄ-ն «Ռոսսելխոզբանկ»-ի դուստր ընկերությունը կարող է միացնել SWIFT-ին՝ հանուն ՌԴ-ի կողմից հացահատիկային գործարքի երկարաձգման. FT
ԵՄ անդամ երկրները քննարկում են «Ռոսսելխոզբանկ»-ի դուստր կառույցը SWIFT միջազգային համակարգին միացնելու հնարավորությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով The Financial Times-ին։

Նման քայլը պետք է ապահովի Ռուսաստանի համաձայնությունը հացահատիկային գործարքի երկարաձգմանը, որի շրջանակներում ուկրաինական հացահատիկն արտահանվում է արգելափակված սևծովյան նավահանգիստներից։

«Ռոսսելխոզբանկ»-ը, ինչպես և շատ այլ ռուսական վարկային կազմակերպություններ պատժամիջոցների շրջանակներում անջատվել էին SWIFT-ից։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որպես հացահատիկի գործարքը երկարաձգելու նախապայման բազմիցս նշել են «Ռոսսելխոզբանկ»-ի վերամիացումն այդ համակարգին։

 «Ռոսսելխոզբանկ»-ի «դուստր» ստեղծելու գաղափարը, որը կմիանա SWIFT-ին, և դրա միջոցով կիրականացվեն հացահատիկի արտահանման համար վճարումները, մշակվել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ընթացքում։ 

FT-ի աղբյուրները հայտնել են, որ այդ ծրագիրը քննարկվել է հունիսի վերջին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում և այն անվանել են նվազագույն «վատթար տարբերակ»:

Պարբերականի զրուցակիցները նշել են նաև, որ հացահատիկային գործարքը չերկարաձգելու Ռուսաստանի սպառնալիքներն այս անգամ ավելի լուրջ են թվում, քան նախկինում։