Վաշինգտոնում սպասվող «Խաղաղության պայմանագրի» բանակցություններին ընդառաջ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը մերժում է Ղարաբաղում ապրող հայերին անվտանգության երաշխիքներ տալու Հայաստանի պահանջը։ Բայրամովի խոսքով՝ էթնիկ հայերը կարող են կրթվել իրենց լեզվով, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանն ու պետական կառույցներին։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ վաշինգտոնյան բանակցություններից առաջ Ադրբեջանը կարիք ուներ ընդգծելու էթնիկ հայերին երաշխիքներ չտալու իր դիրքորոշումը, քանի որ ԱՄՆ-ն հստակ ասում է՝ միջազգային մեխանիզմով բանակցեք ԼՂ-ի հետ, անվտանգության երաշխիքներ ստեղծեք հայերի համար: «Իսկ Ադրբեջանը չի ուզում դա անել՝ հասկանում է, որ հակադրության մեջ է ԱՄՆ-ի հետ, և հույսը ՌԴ-ի վրա է դրել, ու հիմա տեսնում ենք, որ սովի առաջ են կանգնեցրել Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանի մաս լինել՝ ինտեգրվել, նշանակում է ենթարկվել Ադրբեջանի դատախազության որոշումներին, կառավարության հրամաններին, ծառայել Ադրբեջանի բանակում և այլն։ Հայերի ու ադրբեջանցիների եղբայրաբար ապրելու մասին խոսակցությունները հեքիաթ են։ Իրականությունը բարդ է»,- ասաց նա։
Քաղաքագետը հիշատակեց, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագիրը կրող հանրային լսում էր կազմակերպվել Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում, որի ժամանակ Կոնգրեսի անդամներն օրենսդիրների ուշադրությունն են հրավիրել Արցախի քրիստոնյա հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների վրա։
«Ամերիկյան Կոնգրեսում հանձնաժողովի ելույթից հետո Ադրբեջանը փորձել է հստակեցնել իր մոտեցումը, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է գնալ այն ուղղությամբ, ինչ որ ԱՄՆ-ում իրեն առաջարկում են. արցախցիների իրավունքների և անվտանգության հարցով միջազգային մեխանիզմներ ստեղծելն Ադրբեջանի համար անընդունելի է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ Բայրամովի հայտարարությունից հետո պե՞տք է ՀՀ արտգործնախարարը համաձայնի հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում, Մանվել Սարգսյանն արձագանքեց. «ՀՀ ԱԳՆ-ն պետք է հայտարարություն անի՝ ևս մեկ անգամ հստակեցնի Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների մասով, որից հետո կարող են հանդիպել։ Ամբողջ արևմտյան աշխարհը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը»։
Եվ չնայած Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե Ղարաբաղի 120.000 հայերը կարող են պահպանել իրենց լեզուն ու մշակույթը՝ ինտեգրվելով Ադրբեջանին, Ղարաբաղից պատմամշակութային արժեքի վերացման հերթական վտանգի մասին են բարձրաձայնել: «Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի»,- այս մասին հայտարարել է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։
Մանվել Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը 70 տարի՝ անգամ խորհրդային ժամանակներում, չի ընդունել հայկական մշակույթը և օրենքից դուրս է մղել այն. «Եթե «հայկական մշակույթ» բառ օգտագործեին այնտեղ՝ շատ վատ կվերջանար մարդկանց համար։ Ադրբեջանն ամեն կերպ փորձելով ստանալ արտաքին ուժերի համաձայնությունը, որ Արցախը Ադրբեջանի կազմ է, ընդամենը մի նպատակ ունի՝ հայերին այնտեղից դուրս հանել, իսկ դա հասկացել են աշխարհում»։
Նարա Մարտիրոսյան