ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ օրենքի նախագծով և համաձայնագրով նախատեսում են բյուջետային աջակցության վարկ վերցնել 92,300,000 եվրո գումարի չափով, վարկը վերցվում է 2023 թվականի պետական բյուջեով հաստատված պակասուրդը ֆինանսավորելու համար, խոսքը 350 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկերի ներգրավման մասին է։ Նախարարի տեղակալը նշեց, որ իհարկե կան նաև տարբեր աղբյուրներ՝ պակասուրդը ֆինանսավորելու, բայց քանի որ խոսվում է բյուջետային աջակցության վարկերի մասին, այս թիվն է հնչեցնում։
«Այսինքն՝ սա 350 միլիոն դոլարի պորտֆելի մի մասն է, գրեթե 100 միլիոն դոլարին համարժեք արժեքով։ Այսինքն՝ առաջին նպատակը պետական բյուջեի հոդվածներով համապատասխան ծախսերի իրականացնումն է, ընդ որում՝ վարկի բնույթը հաշվի առնելով՝ այն փոխկապակցված չէ որևէ ծախսատեսակի հետ, պարզապես ներգրավվում է համապատասխան ուղղություններով ծախսեր անելու։ Մյուս հիմնական նպատակը միջազգային փորձի ներգրավման միջոցով մեր բարեփոխումների օրակարգին աջակցությունն է, և նշեմ, որ այս համաձայնագրի համար նախապայմաններ են հանդիսացել բազմաթիվ բարեփոխումներում միջոցառումներ, որոնք կառավարության որոշումների և օրենքների տեսքով քննարկվել են տարբեր փուլերում և այս պահի դրությամբ մինչև համաձայնագրի կնքումը ամբողջությամբ իրականացվել են։ Դրանց ուղղությունները երեքն են՝ մեկը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության խթանումը, մյուսը հավասարության ամրապնդումն ու մարդկային կապիտալի զարգացման խթանումը, երրորդը՝ հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացումը»,- ասաց նախարարի տեղակալը։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան էլ իր խոսքում նշեց, որ թեև հիմնավորման մեջ հիմնական զեկուցողի ներկայացրած ուղղությունները նշված են, բայց պարզ չի, թե այս վարկը հենց այդ ուղղությունների՞ համար է, թե՞ առհասարակ նրա նշած 350 միլիոնն է այդ ուղղությունների համար բաշխվելու։ Արձագանքելով՝ նախարարի տեղակալն ասաց, որ բյուջետային վարկերը փոխկապակցված չեն լինում որևէ ծրագրի։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ այսինքն՝ բյուջեում փող չկա, պարտ եք վերցնում, և խնդրեց կոնկրետ տողերով ներկայացնել վերոնշյալ արժեքի բացվածքը՝ ինչի վրա է փողը ծախսվելու։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալն ասաց, որ երբ բյուջեն հաստատվել է, հաստատվել են դրա ֆինանսավորման աղբյուրները, դրանք են՝ պարտատոմսերը, բյուջետային աջակցության վարկերը, ծրագրային վարկերը։
«Հիմա որ ասում եք՝ բյուջեում փող չկա, սա փողի աղբյուրներից մեկն է, որը ֆինանսավորում է բյուջեն։ Այսինքն՝ դա աղբյուր է, միջոց է, ֆինանսական ռեսուրս է, որը գալիս է ընդհանուր հաշվին և օգտագործվում այն ուղղություններով, որը հաստատվել է պետական բյուջեում, ԱԺ-ում»,- ասաց նախարարի տեղակալը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան