Հայաստանում կլիման թույլ է տալիս զարգացնել ջերմոցային արդյունաբերական համակարգը՝ աճեցնել ցիտրուսային մրգեր. իսպանացի ագրոարդյունաբերողները Երևանում են
«Հայաստանն ամենամեծ շուկան է արդյունաբերական առումով, այստեղ կլիման թույլ է տալիս զարգացնել ջերմոցային արդյունաբերական համակարգը, իսկ մենք ստեղծում ենք ջերմոցներ՝ բույսերի, բանջարեղենի, մրգերի համար»,- ասում է Իսպանիայի ագրոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինը։ 

Երևանում մեկնարկել է հայ-իսպանական ագրոարդյունաբերության ֆորումը։ Երևանում են գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող 8 իսպանական առաջատար ընկերություններ, որոնք իրենց արտադրանքն են ներկայացնում ավելի քան 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներին։ Առաջարկվող արտադրանքները տարբեր են՝ ջերմոցների կառուցման ու կաթիլային ոռոգման համակարգեր, պարարտանյութեր, չափագրման սարքեր։ 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային հարաբերությունների վարչության ղեկավար Լիանա Աբելյանը նշում է՝ իսպանական կողմն է դիմել հիմնադրամին՝ աջակցության համար, որպեսզի նմանատիպ գործարար համաժողով կազմակերպվի Հայաստանում։

Հայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ու Իսպանիայի Առևտրային պալատի հետ համագործակցությամբ։ 

Իսպանացի գործարար Ռաֆայել Մարտինի խոսքով՝ ինքը բազմաթիվ անգամ է եղել Հայաստանում, սակայն սա հայկական շուկա մտնելու  իր առաջին փորձն է. «Ակնկալում եմ համագործակցել ջերմոցային այնպիսի համակարգերի ներդրման ոլորտում, որ հնարավոր լինի Հայաստանում աճեցնել ցիտրուսային մրգեր, ինչպես նաև ավելի խթանել լոլիկի, վարունգի և բանջարեղենի մյուս տեսակների  արտադրանքը Հայաստանում»։

Ագրոարդյունաբերության ոլորտը ներկայացնող հայ գործարարների ակնկալիքները տարբեր են իսպանական ընկերություններից՝ իսպանական արտադրանքը ներկրելուց ու գյուղատնտեսին վաճառելուց մինչև ուղիղ փոխհամագործակցություն։ 

«Բալենի ագրո խորհրդատվություն» ՍՊԸ տնօրեն Նվարդ Շահմուրադյանի համոզմամբ՝ հայ գյուղատնտեսները որակյալ արտադրանք կիրառելիս կբարձրացնեն բերքատվությունը, ինչպես նաև կբարելավվի թե պտղի որակը, թե հողի քիմիական կազմը, որը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա։ 

Իսպանացի արտադրողները Հայաստանից հետո կայցելեն նաև Վրաստան՝ այնտեղ ևս գործարար կապեր հաստատելու նպատակով։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում