2023 թ. առաջին 4 ամիսներին ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է մոտ 4 անգամ՝ կազմելով 1 մլրդ 64 մլն դոլար. Վահան Քերոբյան
«Վերաապահովագրական պրոցեսին մասնակցելու դեպքում 2.25 մլրդ դրամ ներդնելով ի՞նչ ծավալ ենք ակնկալում ծախսել, և արդյոք արդարացվա՞ծ է այս միջոցների ներդրումը»,- այսօր՝ հունիսի 13-ին,  ԱԺ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատասխանելով հարցին՝ նախարարն առաջարկեց սա չդիտարկել որպես ներդրումային գործունեություն, և ընդգծեց, որ իրենց նպատակն է աջակցել արտահանողներին արտահանման շուկաներում, այս դեպքում՝ ավելի շատ եվրասիական շուկայում. «Բայց կարծում եմ՝ ընկերությունը սահմանափակված չի լինի ԵԱՏՄ աշխարհագրությամբ և գործարքներ կկատարի նաև դեպի երրորդ երկրներ արտահանումների մասով: Արդյունքում մենք աջակցում ենք արտահանողներին ավելի անկաշկանդ արտահանել, երբ կա գնորդի ռիսկ կամ ֆինանսավորման խնդիր»:

Վահան Քերոբյանը, օգտվելով առիթից, նշեց, որ 2023 թվականի առաջին 4 ամիսներին ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է մոտ 4 անգամ՝ կազմելով 1 մլրդ 64 մլն դոլար. «Այնպես որ, կարծում եմ, եթե գործիքն առաջ պահանջված էր, հիմա էլ ավելի է պահանջված»:
Վահան Քերոբյանն առաջարկեց համաձայնություն տալ համաձայնագրին:

Մանրամասն՝ տեսանյութում