2007, 2010 թթ. գյուղատնտեսության աջակցությունը 4 տարում եղել է 1 մլրդ, հիմա՝ տարեկան 30 մլրդ, իսկ դուք ասում եք՝ գյուղացին մենակ է մնում. Վահան Քերոբյան
«Եթե գյուղացիները որոշել են չապահովագրել իրենց բերքը, դա իրենց ռիսկն է. մենք սուբսիդավորում ենք  ապահովագրավճարների էական մասը»,- այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ արդեն մի քանի տարի է՝ իրենք ձևավորում են գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկան և ամեն տարի վճարում են այդ ապահովագրավճարների մի զգալի մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում նաև կարկուտից, ապահովագրել իրենց բերքը. «Այսքանով համարում ենք, որ մենք մեր ֆունկցիան կատարել ենք: Մենք չենք կարող իրենց բերքը չապահովագրած գյուղացիներին փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրական ընկերություններն անեին»:

Արձագանքելով՝ պատգամավորն ասաց, որ գյուղացին դարձյալ մենակ է մնում իր խնդիրների հետ, ինչին կտրականապես դեմ արտահայտվեց նախարարը՝ ասելով. «Գյուղատնտեսության վրա կառավարությունն այս տարի մոտ 35 մլրդ դրամի սուբսիդավորում է իրականացնում, իսկ դուք ասում եք՝ գյուղացին մենակ է մնում: Եթե, օրինակ, գնանք 2007, 2010 թվականները, ընդհանուր գյուղատնտեսության աջակցությունը 4 տարվա մեջ եղել է 1 մլրդ: Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 մլրդ-ի մասին»:

Մանրամասն՝ տեսանյութում